Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաց արած, նայեց ընկերոջ քթին, հետո կրծքին, այնուհետև ոտքերին, ապա նորեն քթին։

— Երդվում եմ իմ մոր գերեզմանով, որ դու ցնորվել ես,— սկսեց նա, ձեռը զարնելով մարմարյա սեղանին սոսկալի թափով։ Թուրքական սուրճի վաղուց պարպված գավաթներից մինն ընկավ հատակի վրա և փշրվեց։

Արտաշեսը ոչինչ չասաց, միայն բարեկամաբար ժպտաց։

— Ե՞ս, ստախո՞ս,— շարունակեց Միսակը, գլխարկը ճակատից ետ մղելով՝ խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար,— ե՞ս, ե՞ս, Միսակ Մանուկյանս։ Ե՞ս, որ ճշմարտության համար հալածվել եմ, հալածվում եմ, մինչև գերեզման պիտի հալածվեմ մարդկությունից։ Ե՞ս, ասա, ե՞ս...

Արտաշեսը լուռ էր, ինչպես մի հրացան, որ միայն մի փամփուշտ ուներ, արձակեց ու պրծավ։

— Երդվում եմ պատիվովս,— ավելի բորբոքվեց Միսակը,— որ դու կատակ ես անում և շատ հիմար կատակ։ Հապա տեսնենք...

Եվ, գրպանից մի զմելի դուրս բերելով, շարունակեց.

— Տեսնո՞ւմ ես այս դանակը։ Դե՛հ, ասա, որ կատակ չէիր անում։ Երդվի՛ր, և ես իսկույն ևեթ սրանով փորս կպատռեմ, կտոր-կտոր կանեմ ինձ, կձգեմ շների առաջ։ Այո՛, այո, թող նրանք կրծոտեն ինձ ինչպես սատկած ձիու կամ իշի, միևնույն է։ Այո՛, այո, այդ ավելի լավ կլինի, քան հռչակվել ստախոս ու ապրել։ Երդվի՛ր, ասա. կատակ չէի՞ր անում...

— Լա՛վ, երդվում եմ, որ կատակ չեմ անում,— չծուլացավ արտասանել Արտաշեսը։

— Պատվո՞վդ։

— Պատվովս։

— Որ ես ստախո՞ս եմ։

— Մի քիչ։

— Այդ միևնույնն է, քիչ թե շատ, ուրեմն ստախոս եմ, այո՞,— շարունակեց Միսակը և զմելին, որով պիտի պատռեր իր փորը, ծալեց ու գրպանը դրեց։— Որ այդպես է, արի գրազ գանք։ Ես մեջտեղ կդնեմ հիսուն ռուբլի, իսկ դու դիր հինգ ռուբլի։ Քեզ ժամանակ կտամ մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը, քսան, եթե դու մի անգամ ինձ բռնես սուտ ասելիս,