ՀՍԿԱՆ ԵՎ ԹԶՈՒԿԸ
(Դիալոգ)
Հսկա.— Էյ, թզուկ, խոնարհվիր իմ առջև, ապա թե ոչ՝ տեսնո՞ւմ ես այս մտրակը:
Թզուկ.— Խոնարհվում եմ, մեծդ հսկա, արդեն վաղուց եմ խոնարհվել. բայց ինչո՞ւ համար ես դու այդ կրկնում ամեն օր, ամեն ժամ։
Հսկա.— Կրկնում եմ, որ չմոռանաս։ Քեզ նման ոչնչությունները երախտամոռ են լինում շատ անգամ։ Իսկ ես ախորժակս կորցնում եմ, երբ երախտիքս մոռանում են։
Թզուկ.— Ունես իրավունք, բայց մի՞թե ես մոռացել եմ երբևէ քո երախտիքը:
Հսկա.— Չես մոռացել, բայց կարող է պատահել, որ մոռանաս: Այ, ինչպես մոռացավ քո ընկերներից մեկը, որին ազատել եմ ավազակների ձեռքից։ Այդ գարշելին մի մեծ տան մեջ թաքնված լուսամուտից քարեր է արձակում ինձ վրա:
Թզուկ.— Արդարև իմ րնկերոջ վարմունքը գարշելի է, բայց արդյոք չե՞ս նեղանա, եթե թույլ տամ ինձ խոնարհաբար մի հարց առաջարկել քեզ:
Հսկա.— Առաջարկիր։
Թզուկ.— Արդյոք ի՞նչ երախտիք ունես ինձ վրա, որ վախենում ես մոռանամ: