Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղիկ, երգչուհին սեղմեց սրտին, անդադար գլուխ տալով աջ ու ձախ, հետո աչքերը բարձրացրեց դեպի վերնահարկ և օդային համբույրներ ուղղեց պատանի երկրպագուներին։ Այս ավելի ոգևորեց նրանց և ավելի զորացրեց աղաղակներն ու ծափերը։

Լևոնը յուր մարմնի կիսով դուրս էր եկել պատնեշի հետևից։ Կարծես ձգտում էր ծաղիկների հետ ընկնել երգչուհու ոտների տակ իբրև կենդանի զոհ գեղարվեստի։

Անցավ առաջին գործողությունը, երկրորդը, երրորդըր Լևոնի ոգևորությունը սաստկանում էր երգչուհու աջողության հետ զուգընթաց։ Նա մերթ ծափահարում էր, ձեռները գլխից վեր բարձրացրած, մերթ աղաղակում. «էվի՜վա, բրա՜վա, բրավի՜սսիմա»...

Վերջին գործողության կիսում Լևոնը հանկարծ չքացավ Չաուշենկոյի և Իցկոյի հետ, մինչև ներկայացման վերջը չերևաց այլևս։

Դուրս գալով խուռն բազմության հետ փողոց, տեսա հետևյալը։— Թվով երեսուն-քառասուն ոստիկաններ կազմել էին մի ընդարձակ շրջան՝ հեղեղված էլեկտրական ահագին լապտերների առատ լուսով։ Թատրոնից դուրս եկողները հավաքվում էին շրջանի հետևում։ Մուտքի մոտ մի կողմում խմբված էին հարյուրի չափ համալսարանական ուսանողներ, մյուս կողմում կանգնած էին երկու կանոնավոր շարքերի բաժանված մի խումբ պատանիներ տասնուհինգից մինչև քսան տարեկան։ Միակ չափահասը նրանց մեջ Չաուշենկոն էր։ Նա ձեռին պահած էր մի թերթ թուղթ։

Ուսանողներից մի տասը հոգի ձեռներում բռնած էին մի-մի փոքրիկ փունջ ծաղիկների, իսկ պատանիները՝ մի-մի վառ կերոն։

Տեսարանը գեղեցիկ էր, հետաքրքրական։ Գիտեի, որ Լևոնը հետին դեր չի կատարում նրա մեջ։ Քաշվեցի մի կողմ և աչքերով որոնեցի նրան: Դժվար չէր գտնելը։ Նա կանգնած էր պատանիների շարքերից մեկի գլխին, ձեռքին մի երկայն ձող, որի ծայրում վառվում էր հաստ մոմի կտորը։ Ցուրտ չէ՞ր զգում նա առանց վերարկուի, նույնիսկ առանց կրկնակոշիկների, յուր բարակ պիջակում։ Երևի չէր զգում, թեև