սիրտը սկսում էր այնպես ուժգին բաբախել, որ կարծես, ձգտում էր դուրս սպրդել կրծքի տակից, ինչպես նոր ձերբակալված թռչունը վանդակից։
Մի առավոտ աղախինը, որ երեխաներին տարել էր իրենց տատի մոտ և նոր վերադարձել էր խոհանոց, հանկարծ լսեց մի բարձր ու սուր ճիչ։
Նա իսկույն վազեց սեղանատուն, որտեղից լսվեց ճիչը։
Այնտեղ, լուսամուտի առջև առավոտյան արեգակի մեղմ ճառագայթների տակ, օրվա լրագիը ձեռքում՝ ձգված էր Մագդալինան անշնչացած։ Տարիքը գուշակելով շփոթված աղախինը վազեց պատշգամբ և բարձրաձայն օգնություն կանչեց։ Ապա, վերադառնալով չոքեց տիրուհու մոտ։
Եկան մի քանի հարևան կանայք, և աղախինը նրանց օգնությամբ ուշքի բերեց Մագդալինային ու նստեցրեց թախտի վրա։ Նա գունատ էր ինչպես ճերմակ կտավ։ Նրա կապտած շրթունքները կպել էին ատամներին և դողդողում էին։
— Ի՞նչ պատահեց,— գոչեցին հարևան կանայք, արդեն լրագրից գուշակելով, թե ինչ կարող է պատահած լինել։
— Նրան սպանել են,— հազիվ կարողացավ արտասանել Մագդալինան և նորից ուշաթափվեց։
Երբ նորից ուշքի բերեցին նրան, սկսեց դառնագին հեկեկալ, արտասանելով.
— Ես նախազգում էի, գիտեի, որ նա սպանվելու է։
Ոչ ոք չխանգարեց նրա հեկեկանքը, գգալով, որ նման դեպքերում մխիթարական խոսքերն անզոր են։ Աղախինը վազեց դժբախտ լուրը Մագդալինայի ծնողներին հայտնելու, պատվեր ստանալով երեխաներին ոչինչ չասել և չբերել տուն:
Եկան ծնողները։ Մայրն իր հեկեկանքը խառնեց դստեր հեկեկանքին։ Իսկ հայրն ասաց, թե լրագիրների ցուցակին հավատալ չի կարելի, թե հարկավոր է շտաբում տեղեկանալ։ Եվ ինքը շտապեց տեղեկանալու։
Կես ժամ անցած նա բերեց դժբախտ լուրի հաստատությունը։