Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գինը հարցնելու։ Բանն այնտեղ էր հասել, որ գավթապահը շատերին բակից էր ճանապարհ դնում, ասելով.

— Չեք հավանիլ, խոզաբուն է։

Մի երեկո, երբ ես նստած էի իմ բնակարանի պատշգամբի վրա, դղրդալով բակը մտավ մի մեծ սայլ՝ տնային կահկարասիով բեռնավորված։

Սայլի առջևից գալիս էր մի հաղթանդամ կին երկու մանկահասակ աղջիկների հետ. երեքն էլ աղքատ էին հագնված։ Սայլի ետևից քայլում էր մի տղամարդ լայնեզր գլխարկը աչքերին քաշած, վերարկուի օձիքը բարձրացրած այնպես, որ նրա երեսը չէր կարելի տեսնել։ Նա գալիս էր համրաքայլ, գլուխը կրծքին թեքած, կորամեջք։

Սայլը կանգ առավ դատարկ կացարանի առջև։ Կինը բարձրաձայն կանչեց գավթապահին։ Ոչ ոք չեկավ։ Հետո իմացա, որ գավթապահը թաքնվել էր, աղքատ վարձվորներին օգնելուց փախչելով։

— Պետրոս, շուտ եկ, ի՞նչ ես դանդաղում,— դարձավ կինը սայլի ետևից քայլողին։

— Գալիս եմ, գալիս,— կրկնեց մարդը գրգռված ձայնով։

Ես իսկույն ճանաչեցի այդ ձայնը և նրա տիրոջ մեծ անձրևանոցը։ Դա ինքը Պյոտր Պետրովիչ Փեփինյանցն էր իր ընտանիքով։

Նա սկսեց սայլապանի օգնությամբ իրերը սայլից տեղափոխել բնակարան։ Կինն ու աղջիկներն օգնում էին նրան։

Ես զգացի, որ Պյոտր Պետրովիչը, ծանոթ դեմք տեսնելով, կարող է շփոթվել, ուստի քաշվեցի պատշգամբի խորքը, որպեսզի չերևամ։ Արդարև ցավալի էր ինձ համար տեսնել նրա հպարտ ուսերը ծանր սնդուկների ու պահարանների տակ։ Բայց և այնպես ինձ հետաքրքրում էր Պյոտր Պետրովիչի ներկա վիճակը։ Ես ուզում էի լսել ինչ է կատարվում ներքևում։

Տնքալով, տրտնջալով, չգիտեմ ում և ինչու համար հայհոյելով նա իրերը տեղափոխում էր նոր կացարանը։ Պարզ էր, որ նա անիծում էր իր վիճակը, ինչպես կարող է անիծել մեկը, որին բանտ են ուղարկում իրերը վրեն բարձած։

Կարգադրում էր նրա կինը, բարձր ձայնով հրամաններ արձակելով և գոռալով ամենքի վրա որպես բանտապետ։ Այս