Այժմ նա հավատացնում է ամենքին, որ իբր թե գիշերներն ինչ-որ ձայներ է լսում այդ տնից, և իբր թե այնտեղ ինչ-որ չար ոգիներ են ապաստանել... Ո՞վ գիտե…
Երբ տանտիրուհիս հեռացավ, ես զգացի մի տարօրինակ թախիծ։ Այդպես, ուրեմն, այդ թշվառ տան վրա ծանրացած է անեծք։ Եվ ինչո՞ւ։ Գուցե միայն այն պարզ պատճառով, որ վաճառականի զավակները բկացավով մեռնելուց հետո, տգիտաբար մոռացել են տունը ախտահանության ենթարկելու։ Նույնն են արել և հրեա ժամագործի զավակները մեռնելուց հետո։ Ես կարեկցեցի թշվառ տանը՝ որպես մի շնչավոր էակի և այդ օրից իմ սիրտը լեցվում էր դառնությամբ ամեն անգամ, երբ հայացքս ընկնում էր նրա վրա։ Նրա փակ լուսամուտները թվում էին ինձ դագաղի մեջ հանգչող մեռելի կոպեր, այնքան ծանր էր տպավորությունս։
— Բայց մի օր բացվեցին այդ փակ աչքերը, և ահա ինչպես,— շարունակեց բժիշկ Ախուրյանը, խմելով աբսենտի վերջին կաթիլները։— Իրիկնադեմ էր։ Ես նստած էի լուսամուտիս առջև և կարդում էի նոր լույս տեսած մի ռուսերեն վեպ։ Գլուխս բարձրացնելով՝ քարե սանդղքի վրա տեսա մի բարձրահասակ մարդ։ Նա աշխատում էր դեղնած թղթի կտորը կարդալ։ Իհարկե, ոչինչ չկարողացավ որոշել և սանդղքից իջավ։ Ես տեսա նրա դեմքը, և հետաքրքրությունս շարժվեց։ Դա տարօրինակորեն դժգույն և տարօրինակորեն անշարժ ու սառը մի կերպարանք էր։ Նրա ուղղագիծ, երկայնաձև քիթը, խնամքով կրճատած շիկավուն և կարծես քիչ ճերմակած ընչացքը, մաքուր սափրած կզակը, նրա քայլվածքը, ձևերը և, վերջապես, անըստգյուտ եվրոպական տարազի հագուստը ոչ մի նմանություն չունեին տեղական տիպերի հետ։ Երևում էր, որ օտարերկրացի է և նորեկ։
նա նայեց սառը հայացքով աջ ու ձախ, ըստ երևույթին, փնտրելով մեկին, որից տեղեկություններ կարողանար ստանալ այդ տան մասին։ Ճիշտ այդ պահին մոտեցավ նրան անխուսափելի կոշկակարը և հաղորդեց այն, ինչ որ հաղորդում էր ամենքին։ Տունը վարձով է տրվում, բայց անիծված է։
Ես կարծում էի, հարկավ, որ բարձրահասակ անծանոթը անմիջապես կհեռանա անիծյալ տնից մյուսների պես։ Պատահեց