սևազգեստ կինը, այդ ծառաները, վերջապես այդ սայլերն ու կահ-կարասին օդերևույթ էին, որ մի վայրկյան հայտնվեցին և չքացան անհետք։ Կարծես քահանայի անեծքը գլորեց նրանց անդունդը:
Վերջապես մի օր, առավոտյան մոտ տասը ժամին, երբ ես հագնվում էի տնից դուրս գալու, դիմացի դռները բացվեցին և փողոց ելավ բարձրահասակ տղամարդը: Նա նայեց լուսամուտներին և, ըստ երևույթին, գոհ մնաց, որ նրանք փակ են։ Հետո դարձյալ նույն զննող հայացքը ձգեց աջ ու ձախ և համր քայլերով գնաց չգիտեմ ուր։
Առաջին անգամն էր նա մի շաբաթվա ընթացքում տնից դուրս գալիս։ Գոնե ես առաջին անգամն էի նրան տեսնում։
Նույն վայրկյանին, երբ ես ուզում էի սենյակից դուրս գալ, հանկարծ լուսամուտներից մեկի փեղկերը բացվեցին, և այնտեղ հայտնվեց մի երիտասարդ կին սև զգեստով, կրծքի վրա մի խոշոր դեղին վարդ։ Ձեռը հենելով փեղկերից մեկի եզրին, նա ձգեց յուր հայացքը դեպի փողոց և մնաց անշարժ։ Ես ակամա ցնցվեցի, նայելով այդ կնոջը, և մնացի բևեռված իմ տեղում։ Միջահասակ էր նա, նազելի կազմվածքով։ Նրա մութ սև մազերը թանձր խուրձերով արձակված էին կիսով չափ բաց ուսերի վրա։ Մի բարակ մանիշակագույն ժապավեն հարդարում էր այդ մազերը բարձր ճակատից վեր։ Մի ուրիշ սևագույն ժապավեն գրկել էր նրա կարապյա սպիտակ պարանոցը։ Նրա բաց գույնի խոշոր աչքերը նուրբ ունքերի տակից նայում էին դեպի անորոշ տարածություն։ Նայում էին անշարժ, անթարթ, անկիրք՝ որպես արձան։ Տարօրինակ էր այն աչքերի փայլը: Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլ ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ ահը այն ժամանակից դրոշմվել է այնտեղ առմիշտ, ինչպես լույսը՝ լուսանկարչական ապակու վրա։
Սքանչելի էր լուսամուտի շրջանակում այդ պատկերը ինձ համար, և այսօր ևս կարող եմ նրան համեմատել միայն Մուռիլլոյի ստեղծագործության հետ։ Ես ուրախ էի, որ կինն ինձ չի նկատում և կարող եմ անարգել հիանալ նրանով, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործով։ Բայց, ավաղ, տեսարանն երկար չտևեց։ Կինը համր քայլերով