Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկում է դաշնամուրը հանգիստ, անվրդով։ Իսկ երիտասարդը նույնպես ժպտում է։ Այդ ժպիտը նրա թարմ, գեղեցիկ, գրեթե պատանեկան անմազ երեսի վրա նետի պես ցցվում է Սրափիոնի գրգռված սրտի մեջ։ Բորբոքվում է նրա խանդը։ Նա ասում է անորոշ.

— Ես ուրախ եմ և ցավում եմ, որ դուք իմ բարեկամի որդին եք։

— Ինչո՞ւ համար։

— Հենց այնպես։

— Բայց ես ձեզ հասկանում եմ,— ասում է երիտասարդը,— շատ բարի, ես կկատարեմ ձեր սրտի գաղտնի ցանկությունը։

Եվ, դառնալով Ալինային, ավելացնում է.

— Տիկին, ներեցեք, ես այլևս չեմ կարող անհանգստացնել ձեր հարգելի ամուսնուն, որ իմ հոր բարեկամն է։

Եվ այդ օրից Սպիրիդոնովը դադարում է այցելել Ազովսկիներին։

Այս բոլորը տեսնում է ու լսում Ազովսկիների աղախինը, որի խոսքերով և պատմում է ինձ տանտիրուհիս։

Սակայն Ալինա, չի ընդհատում ծանոթությունը Սպիրիդոնովի հետ. շարունակում է տեսնվել դրսերում։ Սրափիոնը չի բողոքում, խոստովանելով, որ իրոք ինքը կոպիտ վարվեց իր բարեկամի որդու հետ։

Ալինան ասում է.

— Քանի որ գիտեիր քո խանդոտ բնավորությունը՝ չպիտի ամուսնանայիր։

— Ես սիրում եմ քեզ։

— Ես չեմ հավատում այն սիրույն, որ այդպես կասկածոտ է։

— Լավ, հաշտվենք:

— Հաշտվիր առաջ բարեկամիդ որդու հետ, ներողություն խնդրիր, հետո։

— Այդ ես չեմ կարող անել։

— Իսկ ես չեմ կարող քո անտեղի կասկածների համար զրկել ինձ ազատությունից։

Մի օր Սրափիոնը հանդիպեմ է Ալինային քաղաքի մի