մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում։ Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզմունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել։ Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար։ Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք։ Ոչ, դա սեր չէ։ Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան։ Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի։ Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում։ Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր—պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար։ Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան։ Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների։ Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
— Իսկական սերն Ալինա է,— ավարտեց բժիշկ Ախուրյանը և ոտքի կանգնեց։— Ես վերջացրի։