Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՍԿԻ ԳՐՉԻԴ ՄԱՏԱՂ

Շատ տարիներ առաջ ես խմբագրում էի մի շաբաթաթերթ, բարեբախտաբար, ժամանակավոր, որովհետև բոլոր դրական դիրքերից խմբագրի պաշտոնն ամենաանախորժն է ինձ համար։ Ես տեսել եմ շնորհալի մարդիկ, որոնց ուղեղը դադարել է գործել այն օրից, երբ նրանք խմբագիր են դարձել։

Մի օր ինձ մոտ եկավ մոտ 19—20 տարեկան մի պատանի։ Նիհար, գունատ տղա էր, կուրծքը ներս ընկած, աչքերը տարօրինակորեն փայլուն։

— Խնդրեմ ձեր շաբաթաթերթի մեջ տեղ շնորհեք այս գրվածքին,— ասաց նա թույլ ու շոր ձայնով ու գրասեղանիս վրա դրեց մի տետրակ։

— Այդ ի՞նչ է,— հարցրի ես խմբագիրներին հատուկ մի արհամարհական հայացք ձգելով ձեռագրի վրա։

— Դա իմ առաջին լուրջ գործն է,— պատասխանեց պատանին առանց շփոթվելու,— հոգեբանական էտյուդ է։

— Շատ բարի, կկարդամ կտեսնեմ,— ասացի ես, ձեռագիրը շպրտելով մի կողմ։

— Ե՞րբ գամ ձեր պատասխանը գիտնալու։

— Մի երկու շաբաթ հետո։

— Այդ շատ ուշ է։

— Ուրիշ կերպ չեմ կարող։