Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մնալ՝ նման խլուրդին, որ սարսռում է արևի լույսից և հանգիստ է զգում իրեն միայն խոնավ հողի տակ։ Ուսուցիչ էի Հյուսիսային Կովկասի քաղաքներից մեկում։ Սենյակ էի վարձել մի այրի կնոջ տանը։ Նա ուներ 22 տարեկան մի աղջիկ։ Գեղեցիկ չէր, բայց չի էլ կարելի ասել տգեղ էր։ Է՛հ, միջին տեսակի հայ աղջիկ էր, որի նմանը ամեն օր տեսնում եք փողոցներում հարյուրներով, և որոնցից շատ քչերն են անցորդի ուշադրությունը գրավում։ Է՛հ, գիտեք, էլի, ագռավի թևերի պես սև մազեր, թանձր, ինչպես պապուասների մազերը, կարճ պարանոց, երկայն իրան, շատ շուտով գիրանալու ակնհայտ նշաններով։ Նրա միակ հրապույրն էին խոշոր կինամոնագույն աչքերը, ո՛չ, փղոսկրի գույն ունեցող գեղաշար ատամները։ Ա՜խ, այդ անիծյալ ատամները։ Նրանց ամեն մի ժպիտի հետ, կարծես, ոսկյա ճառագայթներ էին արձակվում։ Անտարակույս, նա ինքն էլ զգում էր, թե որն է իր հրապույրը, որովհետև շարունակ ժպտում էր։ Զվարթ, աշխատասեր աղջիկ էր և ոչ հիմար։ Բարի էր անսահման և ձեռքից եկածը չէր խնայի կարիք ունեցողին։ Մայրը, հարկավ, երազում էր նրան ամուսնացնել, բայց փեսացու չէր գտնում։ Այդ անիրավ միջավայրում ապուշներն անգամ օժիտ էին պահանջում, մինչդեռ այրին ոչինչ չուներ իր աղջկանը տալու, բացի ողորմելի տնակից, որի արժեքը չնչին էր։ Ինչ վերաբերում է ինձ, կարո՞ղ էր ամուսնություն երազել մի մարդ, որի համար սեփական կյանքն անգամ մի ծանր լուծ էր։ Ես ատում էի ընտանեկան կյանքը և խղճում էի ամուսնացած մարդկանց։

— Սակայն ես ամուսնացա,— շարունակեց մարդը, հառաչելով։— Այո՛, այո, ամուսնացա այդ աղջկա հետ։ Այն ամենահաղթ զորության շնորհիվ: Լսեցե՛ք։ Մի օր ես հիվանդացա։ Թեթև բան չէր — թոքերի բորբոքում։ Մայր ու աղջիկ ամիսուկես ծառայեցին ինձ զարմանալի հոգածությամբ, այնպես, ինչպես հարազատ մայրս ու քույրս կծառայեին, եթե ունենայի։ Երբ սկսեցի առողջանալ, զգացի, որ կյանքս նրանց եմ պարտական։ Չեք կարող երևակայել, պարոններ, թե ինչպես էի տառապում այն գիտակցությունից, որ չեմ կարող պարտքս վճարել։ Փողո՞վ—ամոթ էր և չունեի էլ այնքան միջոց։ Փոխադարձ ծառայությա՞մբ — ինչո՞վ կարող էր