Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո,— այժմ պատկանում էր ինձ ու կնոջս։ Նրա առջև կարմի փոքրիկ պարտեզ։ Այնտեղ ես սիրում էի ազատ ժամերիս աշխատել։ Բանջարեղեն ու ծաղիկներ էի ցանում, տնկում ու ջրում։ Հաճախ տապարով փայտ էի կոտրում, ձմեռվա համար վառելիք պատրաստում։ Հիանալի տապար էր, թեթև, բայց շատ կտրուկ։ Պարոննե՛ր, միջանկյալ ասեմ, որ այդ տապարը եղավ միակ զենքը, որ երբևէ ունեցել եմ իմ ամբողջ կյանքում։ Սովորեցի նրան գործածել վարպետորեն, մի հարվածով ճեղքում էի ամենաամուր կոճղը։ Դե, իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ամենահզորն այդպես էր կարգադրել կանխավ։

— Այժմ լսեցեք, պարոննե՛ր,— առաջ տարավ մարգն իր խոսքը, ավելի ու ավելի ոգևորվելով։— Ի սեր ձեր սեղանի, ազատեցեք ինձ ձեր շամպայնից, խմել չեմ կարող, սովոր չեմ։ Ամառ էր, պիտի Թիֆլիս գնայի մի ուսուցչական ժողովի մասնակցելու։ Չանթաս վերցրի, կնոջս համբուրեցի և գնացի կայարան։ Ուրախ էի, որ պիտի տեսնվեմ հին բարեկամներիս հետ և մի ամիս վայելեմ նրանց ընկերությունը։Գնացքը պիտի մեկներ երեկոյան վեցուկես ժամին։ Հանկարծ հայտարարեցին, թե գիծն ինչ-որ տեղ ավրվել է ապրանքատար գնացքների ընդհարման հետևանքով, և մեկնումը հետաձգվում է մինչև գիշերվա 12 ժամը։ Իմաստ չուներ 6—7 ժամ պարապ նստել կայարանում։ Բարվոք համարեցի ուղևորությունս հետաձգել հաջորդ օրվան ու վերադարձա տուն։

Երբ մոտեցա պարտիզակի դռնակին, որ մեր տան միակ մուտքն էր, հունիսյան արեգակն արդեն ետ էր ժողովել իր շռայլաբար սփռած ճառագայթները, ինչպես չվացարարը՝ չորացած լվացքը։ Հազիվ մի քանի քայլ անցել էի պարտիզակով, ականջներիս հասավ մի շշուկ։ Չար կասկածի պես մի բան ծագեց իմ մեջ։ Կանգ առա վարդի թփերի ետևում և պարզ ու որոշ լսեցի այս խոոքերը. «Դու ոչ միայն չես սիրում Պողոսին (այսինքն՝ ինձ), դու դեպի նա զգում ես ֆիզիկական զզվանք, ես այդ շատ լավ գիտեմ»։ Ա՛հ, այդ սուր տենորային ձայնը. այսօր էլ նա հնչում է իմ ականջներում։ Դա, պարոններ, իմ այն պաշտոնակիցն էր, որին կինս այնպես