Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Երկաթուղու գծի ավրվելը,— ասաց սպաներից մեկը։

— Տապարը սեղանի վրա մոռանալը,— ասաց Լևոն Շահնազը։

— Ասացի, որ ես նրան միշտ տանում էի նկուղ: Պարոննե՛ր, պարոններ, մի պարծենաք ձեր ուժով, մի՛ պարծենաք։ Դուք ամենքդ, ամենքդ ամենազոր զորության գերիշխանության ներքո եք: Եվ որքա՜ն նա խորամանկ է, որքա՜ն նենգամիտ։ Ո՛ր անկյուններն ասես նա չի մտնում, ո՛ր փոսերի մեջ չի ապրում՝ մեկին թշվառացնելու, մյուսին երջանկացնելու համար։ Ինձ ոճրագործ դարձնելու համար նա մտել էր այդ մի կտոր երկաթի մեջ։ Մի ուրիշ դեպքում դուք նրան կտեսնեք կայծակի մեջ անտառում, փոթորկի մեջ ծովի վրա, խաղարկության տոմսակի մեջ, մի անսպասելի հանդիպման, մի աներևակայելի ընդհարման, մի անզգույշ արտասանված խոսքի, մի ծուռ քայլի, մի կտոր ապակու կամ խնձորի մի կճեպի մեջ։ Նա ամեն տեղ է, ամենուրեք և միշտ տերը մեր ճակատագրի։ Նա ավելի հզոր է, քան բնության օրենքները. Ա՛հ, ահ, եթե նա մի անգամ բարի հրեշտակ է, հազար անգամ չար դև է, միշտ անսպասելի, միշտ անընդդիմադրելի և հավիտյան անքննելի ու անհասկանալի։

— Այս է կյանքը, պարոննե՛ր, այն խավար փոսը, ուր ընկել ենք։ Մի՛ պարծենաք ոչնչով, ոչնչով, իսկ այժմ ներեցեք ինձ, որ ընդհատեցի ձեր զվարճությունը։ Մնացեք բարև:

Ասաց մարդը ու, շտապով վճարելով գինեվաճառին իր կերած-խմածի արժեքը, դուրս գնաց։