Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի բան, որը եթե գիտենար երկու տարի առաջ, կարող էր կաթվածահար լինել կամ խելագարվել։

Երեկ նա վաճառեց իր կնոջ վերջին ադամանդը— նշանադրության մատանին։ Խեղճ կին, ինչպե՜ս հեկեկաց, տալով այդ նվիրական իրը մարդուն, որ տանե վաճառե առաջին պատահողին՝ հանուն զավակների «ժամանակավոր ապրուստի»։ Վաճառե և ոչ գրավ դնե, վասնզի գիտեին, որ այլևս ոչ մի իր չեն կարող գրավից ազատել, և ինչ որ գրավումն է, արդեն կորած է։

Շատ-շատ մի-երկու ամիս ևս նա մի կերպ կկերակրե իր ընտանիքը։ Հետո մթություն, խավար կամ մուրացկանություն, եթե որևէ հրաշք չպատահե։

Սակայն սոսկալի «հետոն» չէր այդ օրը Սիմոն Սեֆերյանին ալեկոծողը, այլ անցյալը։ Ա՜հ, այն անցյալը, երբ նա հարուստ էր, անհոգ, հպարտ ինչպես գերիշխան։ Երբ գաղափար անգամ չուներ մարդկային թշվառությունների մասին և չէր ուզում ունենալ։

Ինչո՞ւ նա այս սև օրին հասավ։ Մնացյալները ոչինչ, ո՞վ գիտե, գուցե յուրաքանչյուրը նրանցից արժանի էր։ Բայց ինքը, ո՞ր սխալի, ո՞ր մեղքի կամ ո՞ր հիմարության հետևանքով։

Նա չէր հավատում ոչ նախախնամության գոհությանը և ո՛չ դիպվածների զորությանը։ նա իրեն տգետ չէր համարում, որովհետև տգետ էր։ Այն մի քանի տարիները, որ անցուցել էր Գերմանիայում և այն մի քանի գրքերը, որ կարդացել էր երիտասարդ հասակում, ավելի էին թանձրացրել նրա բնական ինքնագոհությունը և ամբարտավանությունը։ «Անուս» մարդկանց նա ծաղրում էր հավակնոտի հանդգնությամբ, լուսամիտների հետ վիճաբանում էր հեղինակավոր լեզվով։ Եվ ոչ ոք չէր համարձակվում ցույց տալ նրան իր տգիտությունը, վասնզի հարուստ էր։ Նրա միջավայրում հարուստներին չէին հակաճառում։

Հերքելով նախախնամության գոյությունը, նա իր խոշոր ադամանդով զարդարված ձեռքը զարկում էր մսալի ճակատին և կրկնում.

— Կատարյալ մարդու աստվածն ահա այստեղ է։