[ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՈՒՄԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ]
Ապրիլի տասնևմեկն էր, առավոտյան տասնևմեկ ժամը։ Դատարանի տեղը քաղաքային դումայի դահլիճն էր։ Դատարանում նախագահում էր Պիղատոսի փոխանորդ Պլատոնը, դատի էր ենթարկվում ոչ-նազովրեցի Նազարեթը։ Իսկական հեթանոսը, որ դյութական զորությամբ միևնույն կտրոններով երկու անգամ փող էր ստացել քաղաքային բանկից, բացակա էր։ նախագահի աջ կողմում նստած էր մեծն Նապոլեոնը։ Նրա առջև դրված էր Սեղանի... Ներողություն... ծակված կտրոնների հարցը։ Դահլիճը լիքն էր, կային քաղաքի «Նշանավոր գերդաստաններից» շատերը։ Նապոլեոնի զինվորներից երկուսին ներս բերեցին պատգարակների (НОСИЛКИ) վրա, վասնզի շատ ճակատամարտերում վերքեր ստացած լինելով, այժմ նրանք անդամալույծ էին։ Մի ուրիշ հինավուրց զինվորի ձեռից բռնած ներս բերեցին, վասնզի կույր էր աչոք։
Տեսարանը փառահեղ էր։
Սկսվեց պատերազմը։ Հաջն Տիգրանի թոռը՝ ազնիվ Նազարեթը տվեց առաջին հարվածը։ Մեծն Նապոլեոնը կուլ տվեց մի քանի դառն կազդուրիչ «պիլուլներ»։ Նա վճռել էր քաջությամբ կռվել։ Նա մի այնպիսի «հիանալի սառնասրտությամբ» էր լսում դառն ճշմարտության ձայնը, որ նրա սպարապետներից մեկը սքանչացած նայում էր «բեղերը սրելով» և հիշելով իր անցյալ սխրագործությունները։