Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի խոսքով, դա մի նշանավոր ժողով էր, որի ժամանակ ես տեսա, ի միջի այլոց, «ձայների առավելություն» ասած բանի մի նոր զորությունը։

Բանից դուրս է գալիս, որ «ձայների առավելությամբ» հրաշքներ կարելի է գործել, օրինակ՝ մեկին խելոք հռչակել մյուսին՝ հիմար, մեկին բարոյական, մյուսին՝ անբարոյական, մեկին գեղեցիկ, մյուսին՝ տգեղ, մեկին տաղանդավոր, մյուսին՝ անշնորհք, մեկին պատվավոր, մյուսին՝ անպատիվ։

Դրա համար ուրիշ բան հարկավոր չէ, բավական է քվեարկել և վերջացավ։ Եթե դուք, դիցուք, ուզում եք, որ ձեր բարեկամը գեղեցիկ կամ խելոք, կամ պատվավոր ճանաչվի, գրվեցեք մի ընկերության անգամ, վճարեցեք 100 ռուբլի, բերեք ձեզ հետ 20 սպիտակ քվեներ և դուք ձեր նպատակին հասաք։ Ընդհակառակը, եթե ձեր մի թշնամուն ուզում եք պատժել, բերեք 20 քվեներ, և ժողովի ձայների առավելությամբ կվճռի, որ նա անպատիվ մարդ է—թեկուզ շատ պատվավոր լինի, կամ անճոռնի է — թեկուզ Ապոլլոնի պես գեղեցիկ լինի, կամ հիմար է— թեկուզ Նապոլեոնի չափ խելոք լինի։ Այս ուղղությամբ ումին կամենաք կարելի է մինչև անգամ գիժ հռչակել, բավական է քվեարկել, սևացնել, և խեղճ մարդուն, հայդա՜, գժատուն... Շուտով, երևի, ձայների առավելության սիրահար մեր երևելի գործիչները սկսեցին ամուսնանալ, ճանապարհորդել, քնել, ուտել, խմել, տրեպակա պարել, ոստոստալ քվեարկությամբ և ձայների առավելությամբ...


Ի նկատի ունենալով «ձայների առավելության» այս գերբնական զորությունը հարցեր վճռելում, ես կարևոր եմ համարում առաջարկել պատկառելի ընկերության ապագա ժողովին քվեարկությամբ վճռել հետևյալ հասարակական մեծ նշանակություն ունեցող անլուծելի հարցերը.

ա) Վերջապեա, Համբարձում Առաքելյանը հանճա՞ր է թե՞ ոչ։