են «Զոռբա» ընկերության ներկայացուցիչն է։ Նա ուրախ է։ Նրա վրա հող է մնացել։ Բայց մի այնպիսի թանկ գնով, որ երկայն մարդուն ավելի երկայնացրել է։ Նա ուրախ է, բայց և չափազանց հուզված, վասնզի ներքուստ զգում է, որ իր ընկերների գրպանը վտանգի է ենթարկվել։
Նրան մոտենում է «Ջանավար» ընկերության ներկայացուցիչը։ Սրա վրա հող չի մնացել․ ուստի նախանձում է իր հայրենակցին։ Տեղի է ունենում նրանց մեջ հետևյալ դիալոգը որ ես լսում եմ բառ առ բառ։
Մաթոս Յաղլչյանց («Ջանավար» ընկերության ներկայացուցիչ).— Լագլագյանց, շնորհավորում եմ։
Լագլագյանց (քիթը վեր քաշելով այնպես, ինչպես հինգ տարեկան քիթը անմաքուր երեխա).— Շնորհակալ եմ։
Յաղլչյանց.— Ամա թանկ ես վերցրել։ (Ասում է և իսկույն վարտիքը վեր քաշում):
Լագլագյանց (ոտները չռելով).— Դու ի՞նչ ես հասկանում թանկ է, թե չէ։
Յաղլչյանց (դարձյալ փոխանը փորի վրա վեր քաշելով)․— Վա, ո՞նց թե չեմ հասկանում։
Լագլագյանց.— Բաս, դա մածուն չէ, թան չէ, եղ չէ, պանիր չէ, սմետանա չէ, տվորոգ չէ, դա նավթային արդյունաբերություն է։
Յաղլչյանց.— Պաժալստա, ավելորդ մի խոսիր։ Եթե կամենաս, կասեմ ինչ նպատակով ես վերցրել այդ հողը այդքան թանկ։ Դու անպատճառ ուզում ես գործ սկսել, որպեսզի ինքդ դիրեկտոր ընտրվես և չաղ ռոճիկ ստանաս։ Եթե հող չվերցնեիր դու և ընկերներդ պարտավոր էիք հավաքած փողերը վերադարձնել բաժնետերերին։ Իսկ այդ ձեռնտու չէր լինի։ Կյանքումդ հարյուր ռուբլուց ավել ռոճիկ չես ստացել, հիմա ուզում ես ուրիշի փողերով նավթարդյունաբեր դառնալ։ Ինչիդ է պետք։ Խոմ քո գրպանից ոչինչ չի գնալ, եթե ընկերությունը անդունդ գլորվի։ Կարծեմ դու քո բաժինների ինը տասնորդականը ծախել ես, այն էլ շահով ու գլուխդ ազատել։ Հը՛մ, հասկանո՞ւմ եմ միտքդ, թե՞ չէ։
Լագլագյանց.— Սուտ ես ասում։ Դու նախանձում ես, որովհետև ձեր ընկերության վրա հող չի մնացել։