Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ հարկ վճարելու պայմանով և ուրախ է։ Հոգու խորքում նա զգում է, որ մսավաճառներիը, կոշկակարներից, դերձակներից և կվաս վաճառողներից բաղկացած խեղճ ընկերությանը նա անդունդ է գլորում։ Բայց ինչ փույթ։ Խոմ իր փողը չէ։ Նա ինքը կյանքում իսկի փողի երես էլ չի տեսել։ Իսկ այժմ երևակայում է իրան նավթարդյունաբեր։ Հուռա, կեցցե՛ թիֆլիսեցիների միապետությունը և գրպանը։ Սատանան տանի տվորոգը և մածունը։ Մոտենում է նրան մի թիֆլիսեցի․

— Շնորհավորում եմ, Յաղլչյանց, եթե ճիշտ է։

— Ճիշտ է։

— Բայց ասում են շատ թանկ ես գնել։

— Ո՞վ է ասում։

— Բաքվեցիները։

— Քո բաքվեցիները ոչինչ չեն հասկանում։

— Էհե. վաղո՞ւց է, որ դու հմուտ նավթարդյունաբեր ես դարձել։ Թանկ ես վերցրել։

— Թանկ չէ, ինչո՞ւ Մանթաշյան, Շումախեր, Շիբաև վերցրել են։

— Բայց նրանք այդ գներով չեն վերցրել, վերջապես իրենց սեփական փողերով են վերցրել։ Եթե վնասվեն էլ, ոչ ոքի առջև պատասխանատու չեն։ Իսկ դու ուրիշների ներկայացուցիչ ես։ Կարծեմ պարտավոր էիր զգույշ վերաբերվել դեպի այդ խեղճ մսավաճառների, դերձակների ու կոշկակարների վերջին կոպեկները։

— Դու ոչինչ չես հասկանում։ Ես գիտեմ ինչ եմ անում։

— Իսկ դու երեկ կատաղած էիր Լագլագյանցի դեմ։ Ինքդ այսօր նրանից հարյուր անգամ ավելի վատ բան ես անում։

— Ներողություն, ախպեր, փողը իմը չէ՞, ինչ ուզում եմ, անում եմ։

— Ոչ, պարոն, փողը քոնը չէ, դու իսկի փող էլ չունիս։ Խոմ ես ճանաչում եմ քեզ։

— Ես հարուստ եմ,— աղաղակում է Յաղլչյանցը կատաղած։

— Մի՞թե,— զարմանում է նրա խոսակիցը։