Պետրոսյան: (Ցնցվելով և հեռու ոստնելով): Արշակ ջան, արտալան դեռ վզիդ է․․․
Հարությունյան: Ջուխտ աչքիս վրա։
Աբելյան: (Աջ ուսը բարձրացնելով): Շուտ արեք, փորձը սկսեցեք. կլուբ պիտի գնամ... (երկու ուսերն էլ բարձրացնելով, ծիծաղում է):
Մամիկոնյան: (Շարունակ պարում է Միրզոյանի և Անդրանիկի հետ): Ջանկինա, ջան։
ՏԵՍԻԼ V
Նույնք և Ստեփանյան
Ստեփանյան: (Ներս է մտնում գլուխը մի ահագին սփռոցով փաթաթած: Նրա երեսի ու ճակատի վրա երևում են կապույտ բծեր): Բարաջողում։
Ամենքը միաձայն: Օհո․ բարով, բարով։ Այդ ի՞նչ է պատահել, հիվա՛նդ ես...
Աբելյան: (Կամացուկ): Տմբզել են...
Ստեփանյան: (Աչքերը պսպղացնելով): Ի՞նչ, ո՞ւմ են տմբզել․․․
Դուելից եմ գալիս ուղղակի․․․
Ամենքը: Դուե՞լ․․․ ինչո՞ւ, ո՞ւմ հետ, ո՞րտեղ․․․
Ստեփանյան: Թե ինչո՞ւ — շերշե լա ֆամ, ո՞ւմ հետ — այդ պատմության գաղտնիքն է, թե ո՞րտեղ — Բաքվի վակզալում։
Ռշտունի: Բայց ովքե՞ր էին սեկունդանտներդ։
Ստեփանյան: Սկզբում Արմենյանին հրավիրեցի, բայց նա իսկույն ջերմուտենդ ստացավ, փախավ տուն։ Հետո հրավիրեցի վակզալի ստորոժին և մի բեռնակիր։
Պետրոսյան: Ինչո՞վ կռվեցիր․․․
Ստեփանյան։ Հակառակորդս մուշտիով, ես՝ մահակով․․․
Հարությունյան: Ախար ինչո՞ւ, պատճա՞ռը․․․
Ստեփանյան: Պատիվս վիրավորված էր․․․
Աղայան։ (Առաջ թռչելով)։ Այո, պատիվս վիրավորված է, պատիվս․․․ ես չեմ թույլ տալ․․․