Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք չաղացել, բայց ամենքն էլ սեզոնի սկզբում հանգստի կողմից ներկայացնում են հնավաճառի խանութ: Բանն այն է, որ աոաջին կիսամյակի ռոճիկները բավականացել են միայն կոշիկներ նորոգելուն: Անհամբեր սպասում են երկրորդ կիսամյակի ռոճիկներին, որպեսզի յուղուտ փողկապները, անկոճակ ժիլետները և դեղին բծերով ծածկված գլխարկները անցնեն Սալդատսկի բազար:

ՏԵՍԻԼ IX

Հուշարար Ղազարյան և սցենար-դերասան Անդրանիկ:

Ղազարյան: (Ձեռքին մի քանի տետրեր, բերանին մի ճխլտված ծխախոտ՝ բարձրանում է չարդախի նեղ սանդուղքով: Բարձրանալով, ծանր հոգոց է արձակում, ճակատը Ատրպատականի գույնզգույն թաշկինակով սրթում: Բավական՝ հաստ է ու վիզ չունի, ուստի քրտնել է: Ինքն իրան): Դեռ ոչ ոք չկա։ Ժամանակին չեն գալիս։ Այսպես են մեր հայերը ամեն գործում։ Պարտաճանաչություն ասված բանը չկա մեր մեջ։ Բայց այս ի՞նչ է։ Իրա՞վ որ ես հուշարար եմ։ Ախ ճակատագիր, ճակատագիր, նախ գրաշար, հետո լրագրի թղթակից, աշխատակից, ապա ուսուցիչ, այժմ հուշարար։ Հը՜մ, և ստիպված եմ ամեն օր այս հաստ մարմինս կոխել այդ նեղ ու հոտած փոսը... Ախ նյութական կարիք, քո տունն աստված քանդի։ Ափսոս Ռաշտ, Թավրիզ, Սարբևզար, Մեշեդիսար։ Ո՞ւր ես, Ատրպետ... (Քիթը խնչում է):

Անդրանիկ: (Ներս է մտնում արքի-տրագիկական խոշոր քայլերով, գլուխը բարձր պահած, գդակը ծոծրակին քաշած, կուրծքը դուրս ցցած: Կանգ աոնելով, ուսերի վրայով նախ դեպի աջ, ապա դեպի ձախ հայացքներ ձգում): Դեռ ոչ ոք չի՞ եկել։ Շատ գեղեցիկ, մենք կզբաղվենք գործով։ (Սկսում է աթոոները տեղավորել, բեմը հարդարել):

Ղազարյան: Պարո՛ն Անդրանիկ, ախար, եղբայր, այսպիսի բան չի լինի։

Անդրանիկ: (Արագ շուտ գալով, կուրծքը դուրս է ցցում): Ի՞նչ է որ։