Ա Ր Տ Ի Ս Տ Ը
Հինգ ամիս էր ընդամենը Օդեսայում էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս։ Փոքրիշատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք էր ստեպ-ստեպ կացարան փոխելը։ Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն անցար։ Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով։
Այս անգամ պիտի բնակվեի քաղաքի աղմկալի փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան երրորդ հարկում։ Տանտիրուհիս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի՝ մոտ հիսուն տարեկան։ Նրա ամուսինը եղել էր իտալական օպերայի հուշարար, շատ վաղուց հայրենիքից տեղափոխված Ռուսաստան։ Մեռնելով՝ կնոջ ու միակ դստեր համար թողել էր իբրև ժառանգություն հին նոտաների մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը։ Այրին, ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակներ վարձու տալով։
Հենց առաջին օրն ես ծանոթացա հարևաններիս հետ։ Այդ ինձ համար նոր և բավական հետաքրքրական շրջան էր։ Նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից։ Կար և մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժ, բավական գեղեցիկ, թեև ոչ էլ այնքան թարմ։
Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը՝ շիկահեր