Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ նամակը կմնա իմ ձեռքում որպես փաստաթուղթ այն հավանական դեպքի համար, երբ դու մի ուրիշ հարսնացու գրավելու ցանկությամբ կփորձես իմ քրոջ աղջկա վարկը գցել։ Այս բոլորի մասին ես մտածել եմ, որոշել և պահանջում եմ, որ կատարես։ էյ, սպասավոր։

— Ի՞նչ ես կամենում։

— Թուղթ և գրիչ։

— Ավելորդ է։ Դու երեխա չես, թո՛ղ այդ հիմարությունները... Այդ տեսակ տխմար պահանջներ կատարելու չափ ես երեխա չեմ։ Եվ դառնալով սպասավորին, որ ներս էր վազել Մերսիմյանի կոչին, հրամայեց։

— Բեր հաշիվը։

— Հաշիվը կվճարի նա՛, որ քեզ ճաշի է հրավիրել։ Սպասավոր, բեր թուղթ և թանաք։ Սպասավորը անհետացավ։

— Բարեկամ,— ասաց Նազիմյանը այս անգամ միանգամայն մեղմ եղանակով,— այդ կոմեդիան ոչ քեզ է վայելում, ոչ ինձ։ Եթե դու ընկեր ես, օգնիր ինձ այս կնոջից ազատվելու հանուն քո քրոջ դստեր բախտավորության։

— Իմ նպատակը հենց իմ քրոջ աղջկա բախտավորություն է, ահա թուղթ ու թանաք, գրիր, ինչ որ կթելադրեմ։

— Ուրեմն դու կատակ չե՞ս անում։

— Գրի՛ր Նազիմյանը ոտքի կանգնեց։

— Ցտեսություն,— ասաց նա,— երբ գինուց կարթնանաս, կխոսենք։

— Ուրեմն, դու ուզում ես, որ ամեն ինչ ե՛ս անե՜մ։ Շատ լավ, այսօր իսկ Հելենան կիմանա քո պատմությունն այդ կնոջ հետ։

— Դու այդ չես անիլ։

— Կանեմ, երդվում եմ ինչով կամենաս։

— Բայց գիտե՜ս, արդյոք, ինչպես է վերաբերվում ինձ քո քրոջ աղջիկը,— ասաց Նազիմյանը, վերից վար մի խոր հեգնական հայացք ձգելով Մերսիմյանի անտաշ մարմնի վրա։