Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բարոյականություն ասված բանը շատ առաձգական հասկացողություն է։ Նա իսկապես ձև է և ոչ նյութ, իսկ ձևերը տարբեր են լինում։ Հասարակությունն աչքերով է դատում: Նրա համար բարոյական է ամեն ինչ, որ արտաքուստ վայելուչ է։ Բավական է, որ նրա տեսողությունը չվիրավորես, նա չի աշխատիլ ներքինդ թափանցել։ Բայց եթե վերարկվիդ օձիքը մաշված է, նա կկարծե, որ ներքնահագուստդ կեղտոտ է։ Ամեն բան ձևի վրա է հիմնված:

— Ես ոչինչ չեմ հասկանում քո ասածներից։

— Բավական է: Մենք պատանիներ չենք, և ես կրկնում եմ, չեմ մեղադրում ո՛չ քեզ և ոչ մանավանդ նրան։ Մտածեցեք նախ գործի մասին։ Ասա այժմ, ի՞նչ ես կամենում ինձնից։

— Արշակ...

— Դե լավ, կարճ կապենք. չէ՞ որ մեջտեղ մուրհակների խնդիր կա։ Կամենո՞ւմ ես գնալ փեսայիդ մոտ։ Էհ, ինչ կա, գուցե մեզ հաջողվի մի բան անել։ Ասա, գնո՞ւմ ենք, թե չէ։ Շտապենք, հետո ուշ կլինի...

— Գնանք,— ասաց Մերսիմյանը, չկարողանալով թաքցնել իր ուրախությունը։

— Այդպես, ուրեմն, ծառայության փոխարեն ծառայություն, չէ՞, հաճելի ծառայություն։

Նրանք իջան ընդարձակ սանդուղքով. հագան վերարկուները և դուրս եկան փողոց։

Մարկսյանի բնակարանը հեռու չէր։ Անցնելով երկու փողոց, բարձրացան երկհարկանի տան վերին հարկը։ Կեղտոտ հագնված ղարաբաղցի սպասավորը կեղտոտ ձեռներով քաշեց նրանց ուսերից վերարկուները, մտերմական եղանակով ասելով.

— Լո՜խ էլ տանն են։

Այժմյան միլիոնատերը երեսուն տարի առաջ գործակատար էր մի թուրք նավատիրոջ մոտ։ Շատ բաներ էին պատմում նրա մասին, բայց ասում էին միայն այն մարդիկ, որոնք հոգով փափագել էին լինել Մարկոսյան և չէին կարողացել, իսկ ընդհանրապես նրա անցյալը մոռացության էր տրվել։