Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

— Բոն-ջուրնո,— ասաց նա, գլուխ տալով։

— Օհո՜, արտի՜ստը,— գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոն, որ մի բարեսիրտ մարդ էր մոտ երեսունուհինգ տարեկան:

— Արտի՜ստը, արտի՜ստը,— կրկնեցին մյուսները։

Նույն վայրկյանին պար, նվագում, ծիծաղ ընդհատվեցին, և բոլորի հայացքները դարձան դեպի պատանին։

— Ո՞րտեղ էիր, այսքան ժամանակ չէիր երևում, հարցրեց Կավալլարոն։

— Սպասեցեք, նա տխուր է,— գոչեց Լուիզան և մոտեցավ պատանուն․ — էլի ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ներս չես մտնում։

— Ո՞րտեղ է սինյորա Ստեֆանիան,— հարցրեց պատանին։ Նրա ձայնը հուզված էր, դողում էր։ Կար այդ ձայնի մեջ մի սրտաշարժ շեշտ, որ արտահայտում էր հեզության հետ և թախիծ։

— Ա՜ա, հասկացա, — ասաց Լուիզան,— էլի մայրդ երևի հիվանդ է։ Խե՜ղճ պատանի, դու սլանում ես երկինք, նա կպած է երկրին․․․

— Սինյորինա Լուիզա, ես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ,— գոչեց պատանին վիրավորված,— սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է։

— Մայրս խոհանոցումն է։

Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ։

— Նա չափազանց տխուր էր․— ասաց Կավալլարոն,— անշուշտ մայրն այս անգամ ծանր հիվանդ է։

— Չեմ կարծում,— նկատեց Լուիզան,— այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համար։ Խե՜ղճ պատանի․․․

— Խե՜ղճ,— կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ,— բայց նա չի ուզում, որ դուք նրան խղճաք, սինյորինա Լուիզա։ Տեսա՞ք ինչպես վիրավորվեց։

— Նա հպարտ է ինչպես սպանական գրանդ,— ասաց