Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ. Այո։ Ուշ է զարթնել, հագնվում է։

ՀՌԻՓՍԻՄԵ. Նո՞ր։ (Նայելով իր ժամացույցին) Մեկն է, չլինի թե հիվանդ է։
ՄԱՐԹԱ. Չգիտեմ։ Բայց ահա և՛ ինքը, (Ներս է մտնում Եվգինեն ննջարանի դռներից: Նա հագած է տնային, բայց թանկագին կտորից նորաձև կարած շրջազգեստ) Բարի կեսօր․․․
ԵՎԳԻՆԵ. Այո, ուշ եմ զարթնել։ Միայն լուսաբացին եմ աչքերս փակել։ (Համբուրվում է մոր հետ):
ՀՌԻՓՍԻՄԵ. Ինչո՞ւ։
ԵՎԳԻՆԵ. Կարդում էի։
ՀՌԻՓՍԻՄԵ. Երբ պիտի ձեռք վերցնես կարդալուց։ (Մարթային) Երեխայությունից գրքերի սիրահար է։ Պատահել է, որ մի գիրք ուժով ձեռքից խլել եմ, թաքցրել, կես ժամ չանցած՝ մի ուրիշն է վերցրել։ Ցավ է էլի։
ԵՎԳԻՆԵ. (Մարթային) Ո՞ւր ես այդպես պատրաստվում։
ՄԱՐԹԱ. (Ձեոնոցները հագնելով) Ուզում եմ տիկին Սուրաթյանին այցելել։ Բայց առաջ պիտի մտնեմ տիկին Գալամքարյանի մոտ։ Միհրանն ինձ տվեց 200 ռուբլի, որ այսօր անպատճառ տանեմ այն նոր ընկերության համար։
ՀՌԻՓՍԻՄԵ. (Եվգինեին) Մարգոն ի՞նչ է անում, ասա է՜։
ԵՎԳԻՆԵ. Դայակը նրան տարել է զբոսեցնելու։ (Մարթային) Մի՛ տանիր այդ փողերը։
ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ։
ԵՎԳԻՆԵ. Ես այդպես եմ կամենում։
ՄԱՐԹԱ. Խնայողությո՞ւն է այդ, թե՞ կապրիզ։
ԵՎԳԻՆԵ. Ինչպես կամենաս—հասկացիր, միայն այդ փողերը մի տանիր։
ՄԱՐԹԱ. Լավ։ Վերցրո՛ւ, (Տալիս է փողերը):
ԵՎԳԻՆԵ. Պահիր մոտդ, կվերադարձնես Միհրանին։
ՄԱՐԹԱ. Չեմ հասկանում միտքդ։ Դեհ, ների՛ր, մայրիկ, ես շտապում եմ, բայց շուտով կվերադառնամ։
ՀՌԻՓՍԻՄԵ. Ես էլ երկար չեմ նստելու։ (Մարթան գնում է