Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Շփոթվելով) Դու փախչում ևս աշխատանքից։

ՄԻՀՐԱՆ. Բայց ես վիշտ չունեմ։
ՎԱՐՍԱՄՑԱՆ. (Կամենալով ուղղել իր անզգուշությունը) Ես այդ չէի ուզում ասել։ Ահա մոտ երկու շաբաթ է, դու գործով չես հետաքրքրվում, ոչ ոքի չես ուզում ընդունել։ Եթե այսպես շարունակես, շուտով մենք կզրկվենք կլիենտներից։
ՄԻՀՐԱՆ. Եվ այդ քեզ շա՞տ կտխրեցնի։
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Այո, որովհետև դու կարող ես կորցնել տարիների ընթացքում ձեռք բերած հռչակդ․․․
ՄԻՀՐԱՆ. (Դառն ծիծաղելով): Հռչա՜կ, հա, հա, հա, հռչակ: Մի՞թե որևէ հռչակ կամ լավ անուն կարող է մարդուն բախտավորեցնել։ Մարդու այստեղը (Խփելով կրծքին) պիտի հանգիստ լինի․․․ այստեղը․․․
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ես կարծում եմ, երբ մարդ կատարում է իր պարտականությունները, նրա սիրտը միշտ հանգիստ պիտի լինի․․․
ՄԻՀՐԱՆ. Մի՜թե, միամիտ և մաքուր երիտասարդի խոսքեր։ Բայց, ասա՛ ինձ, շա՞տ մարդիկ են ընդունակ կատարելու իրենց պարտականությունները, աա՞, շատ մարդիկ։ (Կանգնելով նրա դեմ ու դեմ ու նայելով ուղիղ աչքերին): Համազասպ, ես գիտեմ ինչ ես ուզում ասել, ինչ ես մտածում այս րոպեին, այո՛, այո՛, գիտեմ ինչ պարտականության մասին է խոսքդ։ Դու ինձ մեղադրում ես մտքումդ, այնպես չէ՞, համարում ես ինձ թուլամորթ, այո՞, ասա՛։ Ինչո՞ւ ես երեսդ դարձնում, միթե ես հիմար եմ, միթե չգիտե՞մ, բարեկամիս աչքերի մեջ կարդալ նրա մտքերը։ Այո, այո, դու ամեն բան գիտես, միայն համեստությունը, այդ կեղծ զգացումը թույլ չի տալիս քեզ ինձ բացարձակ հանդիմանելու։
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Միհրա՜ն։
ՄԻՀՐԱՆ. Զուր մի կեղծիր, Համազասպ։ Մեր բարոյական հայացքները միևնույնն են, և այսքանը բավական է։ Սակայն գաղափարների և իրականության մեջ կա ահագին խորխորատ։ Գիտեմ, դու ուզում ես, որ ես հերոսաբար