Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ ես դարձել։ Այս երկու շաբաթվա ընթացքում դու տասը տարով ծերացել ես։ Դու գիշերները քուն չունիս, ցերեկները հանգիստ։


ՄԻՀՐԱՆ. Լավ կանես, եթե իմ մասին հոգալու փոխարեն, մտածես քո վարմունքի մասին։ Դու նրան հալածում ես։

ՄԱՐԹԱ. Ես նրան միայն ատում եմ, ուրիշ կերպ չեմ կարող վարվել մի կնոջ հետ, որ անբախտացրել է իմ միակ եղբորը։

ՄԻՀՐԱՆ. Ասում ես և չես զգում, որ նա ինքն անսահման տանջվում է։

ՄԱՐԹԱ. Երևի խղճի խայթոցից, չէ՞։ Եթե նա խիղճ ունենար, քեզ հետ չէր ամուսնանալ․․․

ՄԻՀՐԱՆ. Մարթա՜․․․

ՄԱՐԹԱ. Այո, եթե նա խիղճ ունենար քեզ չէր խաբի։

ՄԻՀՐԱՆ. Նա ոչ միայն ինձ չի խաբել, այլև իմ վերաբերմամբ վարվել է ազնվաբար։

ՄԱՐԹԱ. (Դառն հեգնությամբ) Մի՞թե․․․ Ես այն ժամանակ նրան ազնիվ կհամարեի, եթե նա իր խոստովանությունն աներ ամուսնանալուց առաջ։

ՄԻՀՐԱՆ. Այն ժամանակ խոստովանելն այնքան մեծ քաջոթյուն չէր լինիլ, որքան այժմ։ Երբ կինը հանուն անկեղծության հրաժարվում է ճաշակված երջանկությունից — հասկանո՞ւմ ես, ճաշակված — նա արժանի է հիացման։ Քանի որ նա հարսնացու էր, ինձ չէր սիրում, կարող էր վշտացնել ինձ սառնարյուն։ Այն ժամանակ նա չգիտեր ի՞նչ ասել է փոխադարձ սիրո քաղցրություն, իսկ այժմ գիտե։ Ահա ինչն եմ ես հերոսություն համարում։ Արդյոք, շատերն են ընդունակ այդ տեսակ քայլի, այն էլ մեր կանանցից։ Քեզ լավ հայտնի է, որ ես նրան հավատում էի ինչպես սրբուհու։ Եվ եթե ամբողջ քաղաքը նրան չարախոսեր — դարձյալ իմ հավատը դեպի նա չէր խախտվիլ։ Ուրեմն, ինչ դժվարություն կար նրա համար իր անցյալն ինձանից թաքցնելու, եթե չունենար նուրբ խիղճ, ազնիվ հոգի․․․ եթե չսիրեր ինձ․․․

ՄԱՐԹԱ. Գեղեցիկ խոսքեր, որոնք պատիվ են բերում միայն քեզ, բայց նրան չեն արդարացնում։