Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՂԻՆԵ. Լավ է։ Երեկ դուք նրա համար խաղալիք էիք ուղարկկել, շնորհակալ եմ։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Կարելի՞ է արդյոք տեսնել նրան։

ՀԵՂԻՆԵ. Տանը չէ. դայակը տարել է զբոսեցնելու։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ազատ օդ վայելելո՞ւ, այո, այդ օգտավետ է։ Միայն դուք, իշխանուհի, ձեզ զուրկ եք պահում այդ օդից և տնային փակ կյանքը գերադասում եք հասարակական զբոսանքներից։ Նայեցեք, ձեր դեմքի վրա արդեն երևում է այդ փակ կյանքի դրոշմը․ դա կարող է վնասել ձեր առողջությանը։

ՀԵՂԻՆԵ. Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։ Բայց դուք գիտեք, որ ես տնից դուրս եմ գալիս մեծ մասամբ Միքայելի հետ, իսկ նա զբաղված է, ես չեմ ուզում նրան խանգարել։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Զբաղված է... այո... շատ է զբաղված... (մեկուսի) խե՜ղճ և միամիտ կին...

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ինչո՞ւ այսօր տխուր է այս մարդը։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Բայց ես դարձյալ մի փոքր պետք է հանդիմանեմ Միքայելին։ Նա որքան ևս շատ գործ ունենա, ընտանիքի մասին հոգալը նրա առաջին պարտքը պետք է լինի, մանավանդ ձեր մասին, որ այդքան սիրում եք նրան, այնպես չէ՞, իշխանուհի՛։

ՀԵՂԻՆԵ. Սիրել, օօ՜օ, ես չեմ թաքցնում, այո, սիրում եմ նրան, թող այդ ամենքին հայտնի լինի։ Իսկ նա՞, ոչ, մի մեղադրեք, նա, նա հոգում է իմ մասին, որքան կարող է։ Ա՜խ, որքան ինձ ուրախացնում է, պարո՛ն Սուլիկյան, ձեր այդ տեսակ գաղափարը ամուսնական կյանքի մասին։ Բայց ցավում եմ, որ այդ գաղափարի տեր մի անձն տակավին ամուրի է։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Որովհետև նա վախենում է դժբախտ լինելուց կամ դժբախտացնելուց։

ՀԵՂԻՆԵ. Ես ձեր միտքը չհասկացա, պարոն Սուլիկյան։

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Շատ պարզ է։ Ամուսնանում են մեծ մասամբ այն մարդիկ, որոնք ամուսնական կյանքի մասին շատ թեթև գաղափար ունեն։ Ներեցեք համարձակությանս, իշխանուհի, ես կամենում եմ ձեզ հետ պարզախոս լինել։