Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Անտոնը և Մարմարյանը հարգանքով զլուխ են տալիս):


(Աննային) Ե՞րբ ես եկել։

ԱՆՆԱ-․ Երեկ երեկոյան։ Այսօր իմացա, որ դու այստեղ ես, շտապեցի գալ քեզ տեսնելու (նստում են):

ՀԵՐՍԻԼԵ-. Վերջին ամիսները քեզնից նամակներ չէի ստանում, սաստիկ բարկացած էի վրեդ։ Բայց այս մասին հետո, դեռ նախաճաշիր։

ԱՆՆԱ-. Շնորհակալ եմ, ես արդեն նախաճաշել եմ մորաքրոջս մոտ։

ՀԵՐՍԻԼԵ-. Դու նրա մո՞տ ես իջևանել։

ԱՆՆԱ-. Ախ ոչ, ամուսինս չկամեցավ։ Մենք իջևանել ենք հյուրանոցում։

ՀԵՐՍԻԼԵ-. Դո՞ւ, հյուրանոցո՞ւմ։ Իմ ամառանոցը թողած։ Այդ աններելի է։ Անտոն, հրամայիր Սամսոնին, որ իսկույն գնա և Աննայի իրերը բերի։

ԱՆՏՈՆ-. Ուրախությամբ։ (Ուզում է գնալ):

ԱՆՆԱ-. Ոչ, ոչ, շնորհակալ եմ։ Ռուբենը չի համաձայնվիլ, երբեք։ Զուր մի անհանգստանաք։ (Անտոնը նստում է և շարունակում հաշիվներով զբաղվել):

ՀԵՐՍԻԼԵ-. Ռուբենը, քո ամուսինն և իմ նախկին հարևա՞ն։ Քանի տարի է ես նրան չեմ տեսել։ Ես համարյա թե երեխա էի, երբ նա հեռացավ Կովկասից։ Շնորհավորում եմ, սիրելիս, հուսով եմ, որ երջանիկ ես։

ԱՆՆԱ-. Ես նույնպես շնորհավորում եմ, թեև նամակներով հարյուր անգամ իրարու շնորհավորել ենք։(Անտոնին): Դուք պետք է շատ երջանիկ լինեք, որ ունիք Հերսիլեի պես ամուսին։

ԱՆՏՈՆ-. Այո տիկին, ես երջանիկ եմ։ (Նստում է և զբաղվում հաշիվներով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ-. Ասացեք խնդրեմ, տիկին, դուք հանգուցյալ բժիշկ Խորենյանի դուստրը չե՞ք արդյոք։

ԱՆՆԱ-. Այո, պարոն, դուք նրան ճանաչո՞ւմ էիք։

ՄԱՐՄԱՐՅԱՆ-. Ինչպես չէ, լավ ծանոթներ էինք։ Նա շատ ուսումնասեր մարդ էր, գիտեր գրեթե բոլոր եվրոպական լեզուները։