Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ. (Մոտենալով բեմի կենտրոնին) Իսկ պարոն Անտո՞նը։

ՀԵՐՍԻԼԵ. Օ, նա շատ ծույլ է զբոսնելում։
ԱՆՏՈՆ. Ծույլ է։ Դու հարթ տեղերը թողած, սիրում ես թռչկոտել ժայռերի վրա և ինձ էլ ստիպել որսորդական շան պես քեզ հետևել։ Իհարկե կծուլանամ։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, ես սիրում եմ ժայռերը, լեռները, խոր ձորերն ու մթին անդունդները։ (Դեպի պատշգամբ): Վիրժինե... (Աննան մոտենում է համակին):
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մեկուսի) Խոր ձորերը, մթին անդունդները, երիտասարդություն, երիտասարդություն։ (Վիրժինեն գալիս է):
ՀԵՐՍԻԼԵ. (Վիրժինեին) Բեր այստեղ գլխարկս ու հովանոցս։ (Վիրժինեն գնում է):
ԱՆՆԱ. (Վերցրել է նամակի վրայից գիրքը և նայում է վերնագրին) Բարոյականություն, թե նախապաշարմու՞նք։ Հերսիլե, դու՞ ես կարդում այս գիրքը։
ՀԵՐՍԻԼԵ. Այո։
ԱՆՆԱ. (Գիրքը դնում է իր տեղը։) Հետաքրքրական է։ (Վիրժինեն բերում է Հերսիլեի գլխարկն ու հովանոցը):
ՀԵՐՍԻԼԵ. (Գլխարկը դնելով) Ես պատրաստ եմ։ (Անտոնին) Գալի՞ս ես, թե չէ։
ԱՆՏՈՆ. Ինձ ներիր։ Ես բարվոք եմ համարում Իլիայի հետ նարդի խաղալ, քան թափառել արեգակի տակ։ Վիրժինե, բեր այստեղ նարդին։ (Վիրժինեն գնում է: Հերսիլեն դժկամության նշան է անում):
ՀԵՐՍԻԼԵ. Մենք երկար չենք զբոսնի։ Աննա, տուր ինձ թևդ: (Առնում է թևը) Ահա այսպես։ Ես հիշեցի մեր անցյալը և դարձյալ զգացի ազատություն։ Աննա, դու չես կարող երևակայել, թե որքան եմ ուրախ քո գալուն։ (Գնում են ուրախ զրուցելով։ Ռուբենը գլուխ է տալիս Անտոնին ու Մարմարյանին ու հետևում է նրանց):
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Աչքերով ուղեկցել է Հերսիլեին, ապա դառնում է Անտոնին) Ինչու չգնացիր նրանց հետ։
ԱՆՏՈՆ․ Ծուլանում եմ։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Խորհրդավոր) Իսկ այդ Ալիմբարյանը չի ծուլանա և ամեն տեղ իր կնոջը կհետևի։