Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտեզում: Բեմից երևում են նրանց գլուխները, հետո չքանում: Ծառաները սեղանը հավաքում են: Մերթ ընդ մերթ Սամսոնը ֆրակով և Վիրժինեն տոնային հագուստով անցնում են պատշգամբով, պարտեզից դեպի ձախ տանելով ափսենեը, դանակ-պատառաքաղ, գինու շշեր և այլն:

Բոլոր դոներն ու լուսամուտները բաց են:


ՏԵՍԻԼ 1

ՍՈԼՈՄՈՆ և ՆԱՏԱԼԻԱ ՍՈՒՐԱԹՅԱՆՆԵՐ


ՍՈԼՈՄՈՆ. (Առողջ դեմքով, իր տարիքի համար կայտառ տղամարդ է, կարճ խուզած ալեխառն մորուքով ու մազերով, հագած է մոխրագույն ռեդինկոտ, կոճակները բաց, սպիտակ ժիլետ, որի վրա օրորվում է վզից քաշ արած պենսնեն. ներս է մտնում խորքի դռնից․ նախքան մտնելը ինչ որ պատվեր է տայիս պատշգամբով անցնող Սամսոնին) Օֆ, վերջապես ճաշն ավարտվեց։ Այդ «կովկասյան կենցաղները» զահլա են տանում։ Այժմ փորձենք մեր փեսայի սիգարը։ (Հանում է ժիլետի գրպանից մի սիգար և վառում):
ՆԱՏԱԼԻԱ. (Նիհար երեսով, չոր-չոր կազմվածքով կին է, որի խելացի աչքերն արտահայտում են կամքի հաստատություն և վճռականություն, նա գլխաբաց է. ալեխառն մազերը բավական նոսրացել են, բայց դեմքը դեռ կրում է անցյալ գեղեցկության հետք, հագած է մետաքսյա ընկուզե գույն շրջազգեստ առանց արդուզարդի, ներս է մտնում ամուսնու հետ) Դու ուզում ես թուղթ խաղա՞լ։
ՍՈԼՈՄՈՆ. (Ընկղմվելով գահավորակի վրա) Այո, բարոյականությանս արթուն պահպան և առհասարակ տղամարդի ժուժկալության ջատագով։ Չտեսա՞ր, որ Սամսոնին հրամայեցի սեղան բաց անել։ Ուր գնացին հյուրերը։
ՆԱՏԱԼԻԱ․ Շատերը ցրվեցին, մնացյալը տիկին Ալիմբարյանի. խելքով գնացին ձորի գլուխը։ Արեգակի մայր մտնելն են դիտում, իբրև թե չտեսնված բան Է։ Սոլոմոն, տուն գնալու ժամանակ է։
ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, հոգույս և մարմնիս հատոր, ոչ։ Մի՞թե մոռացել ես