Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ. Իրավու՞նք։ Եվ այդ ասում ես դու՞։ Գոնե իմ վերաբերմամբ ամեն ակնարկ կարող է անիրավացի լինել։ Ես գոհ եմ իմ ընտանեկան վիճակով և երջանիկ։ Երբ հիշում եմ իմ աննպատակ անցյալը և համեմատում ներկայի հետ, զարմանում եմ ինչու այնչափ կույր էի․ որ տասը տարի առաջ չամուսնացա։ Սակայն ինչ եմ ասում, այն Ժամանակ դու չէիր լինի իմ կինը. (Գրկում է Հերսիլեին):

Նստենք մի փոքր, այսօր ես առանձին տրամադրություն ունիմ քեզ հետ զրուցելու։
ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Թող ինձ, ես նստել չեմ
ուզում։
ԱՆՏՈՆ․ Երբ հիշում եմ, թե ինչպիսի ջանքերով ու խորամանկությամբ խլեցի քեզ տասնյակ փայլուն երիտասարդնեների ձեռքից, երբ մտածում եմ, որ դու այժմ իմն ես, ուղիղն ասած, չգիտեմ ինչին վերագրեմ իմ բախտը․․․
(Համբուրում է):
ՀԵՐԻԼԵ. (Դարձյալ ազատվելով նրա գրկից) Ասա խնդրեմ, շա՞տ ես սիրում ինձ։
ԱՆՏՈՆ. Ինչ, և դու դեռ հարցնո՞ւմ ես. (Բռնում է նրա ձեռները):
ՀԵՐՍԻԼԵ. Եթե ինձանից զրկվես, շա՞տ կվշտանաս։
ԱՆՏՈՆ. (Բաց թողնելով նրա ձեռքերը) Հերսիլե...
ՀԵՐՍԻԼԵ. Ինձ թվում է, որ քո սերը հիմնված է խորին եսամոլության վրա, որ դու իմ մեջ սիրում ես ոչ ինձ, այլ քեզ, քո անձնական երջանկությունը։
ԱՆՏՈՆ. Չեմ հասկանում, այդ ի՞նչ վերլուծություն է։ Մի՞թե մարդ ու կնոջ եսերը կապված չեն սերտ կապով։
ՀԵՐՍԻԼԵ. Ասում են, բայց ես չգիտեմ՝ չեմ զգացել։ Կկամենայի միայն իմանալ, կարո՞ղ ես սիրել ինձ քո եսից անկախ, հենց այնպես սիրել, ինչպես մի օտարի։
ԱՆՏՈՆ. Ինչպես մի օտարի՞։ Ահա թե ինչ։ Ասա խնդրեմ, ի՞նչ կարող է տալ ինձ այդպիսի մի, ասենք, պղատոնական սեր։
ՀԵՐՍԻԼԵ. Նա կտա քեզ սիրվողի հարգանքը, պատկառանքը, անհուն երախտագիտությունը և անվերջ գովասանքները։