զանգակի ձայն) Զանգակ են տալիս, գնա դռները բաց արա... Բայց ոչ ոքի ոչ մի խոսք, հասկանում ես, ոչ ոքի...
ՎԻՐԺԻՆԵ․ Իհարկե, ուրիշներին չեմ ասիլ... (Գնում է նախասենյակ):
Մարմարյանը ընկնում է մտատանջության մեջ։ Նախասենյակից ներս են մտնում Սողոմոնն ու Նատալիան: Վիրժինեն գալիս է, սիֆոնն ու բաժակը տանում է սեղանատուն: Նատալիան տխուր դեմքով գլխով բարևում է Մարմարյանին և անմիջապես անցնում է բուդուար:
ՏԵՍԻԼ 2
ՍՈՂՈՄՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ
ՍՈՂՈՄՈՆ․ (Սեղմելով Մարմարյանի ձեռքը, նստում է բազկաթոռներից մեկի վրա, գլխարկը դնելով սեղանի վրա)։ Ի՞նչ նորություն կա։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչ պիտի լինի, որդը որոճում է երկուսի էլ սիրտը, իսկ ես հսկում եմ նրանց, ինչպես պահնորդ։
ՍՈՂՈՄՈՆ. Բայց այդպես շարունակել չի կարելի։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այո, իհարկե չի կարելի․․․ Բայց ի՞նչ պիտի անել, ձեր աղջկա համառությունը անսահման է, անհասկանալի և միանգամայն ոչ խելացի․․․
ՍՈՂՈՄՈՆ․ Գուցե, բայց ստիպել նրան սիրել չսիրած մարդուն, անկարելի է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ․ Ստիպել, իհարկե չի կարելի, իսկ համոզել, որ հանուն զավակների պարտավոր է հպատակվել իր ճակատագրին — կարելի է։ Եվ այս ձեր պարտականությունն է պարոն Սուրաթյան... Այո, ձեր պարտավորությունն է․․․ Դուք հայր եք․․․
ՍՈԼՈՄՈՆ. Ես չեմ կարող պահանջել իմ աղջկանից անել այն, ինչ նա համարում է ոճիր — ստել և կեղծել․․․
ՄԱՐՄԱՐՅԱ․ Բայց չէ՞ որ Հերսիլեն մայր է։
ՍՈՂՈՄՈՆ․ Այս, բայց միևնույն ժամանակ նա և մարդ է, առանձին անհատ ինքնուրույն հոգի։ Թող ինչ ուզում է