Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կհաջողվի՞ ինձ, արդյոք, քննություն տալ: Աստված իմ, այդ ինչ ես դարձել Հերսիլե։ Հիվա՞նդ ես։


ՀԵՐՍԻԼԵ․ (Աշխատելով անհոգ ժպտալ) Տարվա այս Ժամանակին ես միշտ նիհարում եմ։

ԱՆՆԱ․ Նիհարությունը չէ միայն, Հերսիլե, դեմքդ արտահայտում է անհուն վիշտ, տառապանք։ (Մոտենալով առնում է ձեռները) Հերսիլե, ես գիտեմ բոլորը, բոլորը գիտեմ: Դու անչափ դժբախտ ես։

ՀԵՐՍԻԼԵ. (Ձեռները խլելով և երեսը դարձնելով Աննայից) Կառախումբը ո՞ր ժամին է գնում։

ԱՆՆԱ. Իննից քառորդ անց։ Ախ, չլինի թե ուշանամ։ (Նայում է իր ժամացույցին) Ոչ, դեռ ութ ժամը չկա։

ՀԵՐՍԻԼԵ․ (Մի վճռական շարժում անելով, մոտենում է սեղանատան դռներին, մատը սեղմում է զանգակի կոհակին, ներսից լսվում է զանգակի ձայն) Նստիր, Աննա, դեռ բավական ժամանակ ունես...

Աննան նստում է գրասեղանի քով, մի արմունկը հենում է սեղանին և, գլուխը դնելով ձեռի ափին, մռայլ հայացքը ձգում է անորոշ տարածության մեջ։ Վիրժինեն ներս է մտնում սեղանատնից: Հերսիլեն դռների մոտ ինչ որ շշնջյունով պատվիրում է նրան: Վիրժինեն մի վայրկյան տարակուսանքով նայում է նրան, Հերսիլեն շտապեցնում է նրան: Վիրժինեն շտապով անցնում է բուդուար, ճանապարհին նայելով Աննային և ուսերը վեր քաշելով:

ԱՆՆԱ․ (Գլուխը բարձրացնելով) Հերսիլե, եթե ինձ հյուրասիրելու պատրաստություն ես տեսնում, զուր է՝ կուշանամ։

ՀԵՐՍԻԼԵ․ (Տարօրինակ հուզված ձայնով, բայց աշխատելով իրեն զսպել) Այո, ես ուզում եմ քեզ հյուրասիրել, բայց ոչ այս տանը, այլ... Աննա, ես քեզ համար պատրաստում եմ մի սյուրպրիզ։ Կզարմանաս գուցե, բայց չպիտի զայրանաս։

ԱՆՆԱ. Այդ ի՞նչ տարօրինակ խոսքեր են, Հերսիլե, և ինչ տարօրինակ եղանակով ես արտասանում։ (Ոտքի կանգնելով, նորից առնում է նրա ձեռներն իր ձեռների մեջ) Նայիր ինձ, ես աչքերիդ մեջ կարդում եմ ինչ-որ անսովոր