ՕԹԱՐՅԱՆ. (Սեղմելով Անդրեասի ձեռը) Երեկ ձեր տանն էի:
ԱՆԴՐԵԱՍ. Հաա՞, բաս ինձ չեն ասել։ Նստի՛ր, այսօր մեզ մոտ ես ճաշում։ Մի քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ։ Գործ ճարեցի՞ր։
ՕԹԱՐՅԱՆ. (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի հասարակություն) Այո, մի քանի մասնավոր դասեր:
ԲԱԳՐԱՏ. (Գալիս է ձախ դռներից երկայն կոշիկներով և նավթի բծերով ծածկված պիջակով: Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և անմիջապես սկսում է գործով զբաղվել — չափում է կարկինով, գծագրում: Միևնույն ժամանակ ուշադիր է դեպի խոսակցությունը):
ԱՆԴՐԵԱՍ. Դասե՛ր։ Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն ես անում։
ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ։
ԱՆԴՐԵԱՍ. Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր գործերում։ Հը՞մ, ի՞նչ կաես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի։ Իհարկե, հարմար պաշտոն...
ԲԱԳՐԱՏ. (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինիլ։
ՕԹԱՐՅԱՆ. Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ։
ԱԴՐԵԱՍ. Ամո՞թ ես համարում:
ՕԹԱՐՅԱՆ. Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելու։ Իսկ եթե ունենամ էլ, համենայն դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ։
ԲԱԳՐԱՏ. (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ փետուրները կարող են սևանալ բուրժուայի գործերում։
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են։
ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու ընկեր։