Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕԹԱՐՅԱՆ. (Բագրատին) Լսեցե՛ք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ։ Այո, ես Էլիզբարյաների խնամքով մեծացած մարդ եմ։ Դուք ինը տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս։ Բայց ինչպես— այդ միայն ինձ է հայտնի։ Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու։ Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ...


ԱՆԴՐԵԱՍ. Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ էլ երեսովդ տված լինիմ:

ՕԹԱՐՅԱՆ. Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը։ Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել։ Բայց այն, ինչ որ խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչքունքով, շարժումներով։ Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ...

ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն բարձրացնում։

ՕԹԱՐՅԱՆ. Ախ, լռել եմ, որովհետև խնայում էի մորս ու քույրերիս։ Գիտեի, որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից։ Ես մտածում էի այսպես. «Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով։» Մայրս էլ է լռել։ Բայց հարցրեք, ի՜նչ լռություն է եղել այդ։ (Անդրեասի կողմ) Ամսական քսանուհինգ ռուբլի տալով քսանուհինգ անգամ նախատել եք նրան։ «Շատ ես ծախսում, ապրիր ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջկերքդ աղախին մտնեն...»։

ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Տեր մեղա քեզ աստված։

ՕԹԱՐՅԱՆ. Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել։ Ձեր խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը։ Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշնլ այդ օրը։ Եվ