Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախասենյակի դռներով, ձգելով Օթարյանի վրա մի արհամարհական հայացք):

ՍԱՂԱՑԵԼ. (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է։

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ. առանց ԲԱԳՐԱՏԻ. հետո ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան դուք, նորերդ։ Արի, քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք։

ՕԹԱՐՅԱՆ. Էլ ուրիշ ասելիք չունի՞ք։
ԱՆԴՐԵԱՍ. Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին): Սաղաթել, տուր ինձ չեկի տետրակը։ Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ պահանջ չունիս։
ՍԱՂԱԹԵԼ. (Բանալին առնելով, մոտենում է սնդուկին):
ՕԹԱՐՅԱՆ. Մնաք բարո՜վ։
ՍԱՂԱԹԵԼ. (Կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ. Ո՞ւր։ Սպասի՛ր։ Հաշիվը — հաշիվ, բարեկամությունը–բարեկամություն։ Դու մեզ մոտ պիտի ճաշես։
ՕԹԱՐՅԱՆ. Մնացե՛ք բարով։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից տնային համեստ հագուստով: Օթարյանին) Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի։
ՕԹԱՐՅԱՆ. (Քայլերն ուղղել է դեպի նախասենյակ, կանգ է առնում):
ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը։ Իսկ դու ուզում ես երես դարձնել մեզանից։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց. ինչո՞ւ։
ԱՆԴՐԵԱՍ. Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել։ Բայց դու նրան խելքի կբերես, Սաղաթել, մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի։ (Օթարյանին) Դե, որդի, շատ սպասեցնել չտաս մեզ։ (Գնում է Սաղաթելի հետ ձախ դռներով):