ՏԵՍԻԼ 10
ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԳԱՐԻՏ
ՌՈԶԱԼԻԱ. Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է։
ՍՈՒՐԵՆ. (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն։
ՌՈԶԱԼԻԱ. Մայրիկ, զսպի՛ր նրան։ Նա ինձ վիրավորում է։ (Սուրենին)։ Uուտ է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից։
ՍՈԻՐԵՆ. Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին։ Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր։ Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր։ Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխություն կա։ (Դադար) Ո՞րտեղ է հայրիկը։
ԲԱԳՐԱՏ. Քո բանը չէ։
ՍՈԻՐԵՆ. Էհ, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ, գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կրծոտում։
ԲԱԳՐԱՏ. Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել։
ՌՈԶԱԼԻԱ. Նա հարբած է, չարժե հետը խոսել։
ԵՐԱՆՈԻՀԻ. Գժվել է։
ՍՈՒՐԵՆ. Էհ, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում։ Ամբողջ քաղաքն է խոսում։ Պետք է բամբասանքներին վերջ տալ։ Երկուսից մեկը — կամ Օթարյանը ճշմարիտն է ասում, կամ զրպարտում է։ Եթե զրպարտում է, պետք է պատժել։ (Բագրատին) Աա՞, վախենո՞ւմ ես, դողո՞ւմ ես, դատարանո՞վ ես սպառնում։
ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս։
ՍՈԻՐԵՆ. Ձայնդ կտրիր, շուն։ (Հարձակվում է վրեն)։
ԵՐԱՆՈԻՀԻ. (Ընկնում է որդիների մեջ)։ Աման, տեր աստված։
ՄԱՐԳԱՐԻՏ. Աստված իմ, և սա ընտանիք է…
ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ՝ առանց պիջակի, ժիլետով)։ Այդ ի՞նչ աղմուկ է։ (Նկատելով Սուրենին)։ Աա, այդ դո՞ւ ես, անառակ զավակ։ Ես քեզ կխեղդեմ շան պես։ (Հարձակվում է վրեն)։
ՍԱՂԱԹԵԼ. (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած)։ Հանգստացի՛ր, Անդրեաս… (Բռնում է նրա թևից, հետ է քաշում)։