ՍԱՂԱԹԵԼ. (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է առաստաղին):
ՄԱՐԳԱՐԻՏ.(Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից) Քեռի, մայրիկը կարծեմ ուզում էր քեզ տեսնել։
ՍԱՂԱԹԵԼ․ (Մեկուսի) Ցանում է ինձ։ (Հանդարտ քայլերով անցնում է աջից դեպի ձախ և դուրս է գալիս ձախ դռներով: Ճանապարհին հատակի վրա տեսնելով ինչ-որ թուղթ, վերցնում է և գնում Բագրատի սեղանի սեղանի վրա)։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է):
ԱՆԴՐԵԱՍ. Լսեցի հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ, նա եկավ ինձ տեսնելու, չկարողացա նրան ընդունել։ Երրորդ անգամն է գալիս այսօր, ես փախչում եմ նրանից։ Հայրիկ, տո՛ւր ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու։
ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ) Ազնվություն։
ԱՆԴՐԵԱՍ. Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս։ Դու չես կարող ինձ խրատել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը։
ԱՆԴՐԵԱՍ. Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել։
ԱՆԴՐԵԱՍ. (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ։ Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ ավելի խայտառակել։ Դու ուզում էիր ինձ զոհել քո... սիրականին։
(Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով)։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ մի՛ ասա այդ բանը, մի՛ ասա։
ԱՆԴՐԵԱՍ. Ինչպես չասեմ, նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ մոռացել ես։ Նրա մի համբույրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը։