իշխանուհի է դարձել, Բեգմուրովն էլ քաղցած զկրտալուց է ազատվել։ Հա՜պա. շատ ժամանակ չկա, որ նորին պայծառափայլության գրպանը իմ գրպանիս պես կարելի էր վարձով տալ, իսկ այժմ, պատվելի պարոններ, նա սեփական կառքով այնպես է ման գալիս, որ գրաֆ Շապշապովը նրա մոտ փա՜ս...
ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Շապշապովի՞ն որտեղից գտավ։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Այսպես որ ասացի, այդ պատվելի պարոնները զարմացած նայեցին երեսիս։ Կարծեմ, շատ էի բարկացել, դեմքս սարսափելի պետք է լիներ, որովհետև, աստված ազատի, երբ Մարտին Մարտինիչ Զարբաբովը բարկանում է։ Այժմ, իհարկե, գնացել են ու նրան պատմել իմ ասածը, քիթը վեր է քաշել։ ՀՈՌՈՄ.
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Զարբաբովին Թիֆլիսում չճանաչող մարդ չկա։ Նա շատ լավ գիտե, որ ես ձեզ համար եղբոր տեղ եմ բռնում և պատրաստ եմ Հեղինեի համար գլուխս տալ: Չէ, ես պետք է լռեմ, որ նա իմ քրոջ աղջկա փողերը փչացնի թղթախաղում, սիրուհիների վրա և նրա ծնողներին, իմ հարազատ ազգականներին ծաղրի՞: Ատանդե, Զարբաբովը այն մարդկանցից չէ։
ՀՈՌՈՄ. Թղթախաղում ու սիրուհիների վրա ասացիք։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հապա, խե՜ղճ կնիկ, կլուբում, բուլվարում, փողոցներում, տներում, որտեղ ասեք նրա մասին են խոսում։
ՀՈՌՈՄ. Եվ աղջկանս բամբասո՞ւմ։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Բամբասում են, այո, ես խոսքը ճակատին կասեմ։
ՀՈՌՈՄ. Լավ, բավական է, հասկացա։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Էէ՜, ինձանից նեղացա՞ք։
ՀՈՌՈՄ. Ընդհակառակը, շնորհակալ եմ, որ մեզ պաշտպանում եք։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Օօ՜ գլուխս կտամ ազգականիս համար։ Է՜հ,