Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԵՅԼԻ. (Քրոջ փոխարեն ամաչել է, շփոթվել, նայում է նրան հանդիմանությամբ):

ՆԱՐԳԻԶ. (Սաստիկ խայթվել է): Հա, իհարկե, անտաշ է:
ՆՈՅԻՄԶԱՐ. (Վեր է կենում): ԼԵյլի, ժամանակ է գնալու (Նարգիզին): Մնաք բարով։
ՕՎՍԱՆՆԱ. (Վեր կենալով): Ինչո՞ւ եք շտապում։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Կծված): Շատ որ նստենք, շիլ կնայինք։ Լեյլի, ես գնացի։
ՕՎՍԱՆՆԱ. Ճաշին խնդրեմ շնորհ բերեք։
ՆԱՐԳԻԶ. (Թաքուն նշան է անում Օվսաննային, որ չհրավիրե):
ՆՈՅԻՄԶԱՐ. Շնորհակալ ենք... Չենք կարող։ Լեյլի, ես գնացի։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ԼԵՅԼԻ. Մնաք բարով։ (Շփոթված, ամոթխած գլուխ է տալիս Նարգիզին, իսկ Օվսաննայի ձեռը սեղմում է):
ՕՎՍԱՆՆԱ. Ցտեսություն, Լեյլի։ Ես ճաշին ձեզ անպատճառ կսպասեմ։
ԼԵՅԼԻ. (Ավելի շփոթված): Ոչ, ոչ, չսպասեք։ Ցտեսություն։ (Գնում է Նոյիմզարի ետևից):
ՕՎՍԱՆՆԱ. (Սիրալիր ուղեկցում է Լեյլիին մինչև դռները):
ՆԱՐԳԻԶ. (Նկատել է քաղցրավենիքի տուփը, վերցնում է, նայում և արհամարհանքով տեղը դնում): Դես նայիր, կանֆետ էլ են բերել...

ՏԵՍԻԼ 5
ՕՎՍԱՆՆԱ և ՆԱՐԳԻԶ, հետո ՆՈԻՆՈԻՖԱՐ

ՕՎՍԱՆՆԱ. (Վերադառնում է արագ քայլերով բեմի կենտրոնը, վրդովված է մոր դեմ): Մամա, պետք է ասած, որ շատ սիրալիր ընդունեցիր իմ հյուրերին, շա՜տ։ Դու նրանց ուղղակի վռնդեցիր մեր տնից։

ՆԱՐԳԻԶ. Շատ լավ արի: Թող գնան իրանց եղբորը պատմեն, որ մյուս անգամ չհամարձակվի իր գլխից մեծ բաներ բռնել։ Անպատկառ, չի ամաչում մի րոպե մտածել, որ կարող է Ֆռանգուլյանների փեսան լիներ: