Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈՌՈՄ. (Մեկուսի) Երևի, մի բան լսել է։ (Բարձր) Թաքցնելու ոչինչ չկա, քույրդ ապրում է, ինչպես միշտ ապրել է։

ԳԱՐԵԳԻՆ. Այսինքն դժբախտ: Իսկ դու հավատացնում էիր, որ նա երջանիկ է։ Ես շատ լավ գիտեի, որ դու խաբում ես ինձ։ Արդեն Հեղինեի դեմքից ու խուլ հառաչանքներից գուշակում էի, որ մի բան կա։ Եվ ահա այդ բանը, որ քեզանից կամ իրանից պիտի լսեի, այսօր լսում եմ ուրիշներից:
ՀՈՌՈՄ. Սուտ են ասում ուրիշները։ Մի՛ հավատա նրանց ասածներին, ամենքը նախանձից են խոսում։
ԳԱՐԵԳԻՆ. Այո, և իմ ընկերները։ Այսպես թե այնպես, ես պետք է բոլորը իմանամ։ Դու չասացիր, Հեղինեն ինքը կպատմի. նա ինձանից գաղտնիք չի պահի. որովհետև գիտե որքա՜ն եմ սիրում նրան։ Իսկ եթե նա իմ լսածը հաստատի, այն ժամանակ պետք է նրա ամուսնուց բացատրոլթյուն պահանջել։
ՀՈՌՈՄ. Նա կարող է քեզ ասել, որ չխառնվես իր ընտանեկան գործերին, (մեկուսի) ինչպես ինձ ասաց։
ԳԱՐԵԳԻՆ. Թող ասի, ինչ ուզում է, ես իմ քրոջը անպաշտպան թողնել չեմ կարող։
ՀՈՌՈՄ. Ուրեմն դու ուզում ես խռովություն գցել մեր մեջ: Գարեգի՛ն, դու տաքարյուն ես, վախենում եմ։
ԳԱՐԵԳԻՆ. Անհո՜գ կաց. դեպքը պահանջելիս ընդունակ եմ ինձ զսպել։ Իսկույն գնում եմ Հեղինեի մոտ։
ՀՈՌՈՄ. Կա՛ց, կառքի ձայն լսեցի, տեսնենք ո՞վ է։ (Մոտենում է պատուհանին և նայում դեպի փողոց) Հեղինեն է. էլի ի՞նչ է պատահել, աստվա՜ծ։ Նա գունատված է, դողդողալով է ցած իջնում կառքից։ (Շտապում է դեպի միջին դռները):
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Թե նա պետք է տարաբախտ լիներ այն մարդու հետ, ես այդ վաղուց գիտեի և գուշակում էի ամուսնությունից առաջ։ (Ներս է մտնում Հեղինեն տխուր, շնչասպառ: Հոռոմը վախեցած նայում է նրա երեսին: Հեղինեն, տեսնելով եղբորը, ճիգ է անում ժպտալու):