Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն էլ ամենավատ, ամենաստոր տեսակի։ (Սկսում է անցուդարձ անել):

ՕՎՍԱՆՆԱ. (Առանձին, կիսաձայն): Մայրիկ, մի հակառակիր, ավելի կգրգռվի:
ԼԵՎՈՆ. Գազաններն էլ են սիրում իրանց ձագերին, բայց միայն ապուշները կարող են ասել, թե այդ մի բարձր զգացում է: Օհ, ի՜նչ անհուն բերկրությամբ ես կփախչեի այդ կնոջ անվերջ խնամքից՝ նրա ծանր հառաչանքները չլսելու, նրա տխուր աչքերը չտեսնելու համար։ Երեք տարի է նա ողբում է ինձ իր մտքում։ Երեք տարի է ես քո դեմքի վրա ժպիտ չեմ տեսնում, մայր։ Եվ դու չես զգում, որ այդ ինձ ավելի է տանջում, քան իմ հիվանդությունը: Քո ուրախությունը դու պահում ես ուրիշների համար։ Քանի-քանի անգամ այս սենյակից այնտեղ, պատի ետևում լսել եմ քո ուրախ ձայնդ և ծիծաղը։ Բայց հենց որ ես երևացել եմ, ձայնդ իսկույն կտրվել է։ Ծիծաղդ ընդհատվել, և դեմքդ մի վայրկյանում պատել է մռայլությամբ: Եվ գիտե՞ս ինչու, Օվսաննա, գիտե՞ս...
ՕՎՍԱՆՆԱ. Քեզ սիրելուց, քո մասին ցավելուց։
ԼԵՎՈՆ. (Դառը ծիծաղով): Իմ մասի՞ն, հը, հը, ոչ, Օվսաննա, ոչ, չես հասկանում: Ինձ սիրելուց չէ այդ, այլ ինքն իրան սիրելուց: Նա տխրում է, որովհետև իմ ներկայությունը նրան ճնշում է, իմ տեսքը նրան ներշնչում է վիշտ։ Ես զրկում եմ նրան ուրախությունից ես թունավորում եմ նրա հանգստությունը։ Նա ողբում է ոչ ինձ, այլ ինքն իրան։ Աա, մայրիկ, այնպե՞ս է, թե՞ չէ, ասա, խոստովանիր, ասա էլի, ինչու ես լռում։
ՆԱՐԳԻԶ. Ի՛նչ ասեմ, որդի, դու ինքդ էլ չգիտես խոսածդ։ Ցավը քեզ չարացրել է։
ԼԵՎՈՆ. (Ոտը զարկելով հատակին): Մի խոսիր իմ ցավի մասին, մի՛ խոսիր: Հիվանդությունը քայքայում է միայն մարմինս, իսկ միտքս նրբացնում է: Ահ չեմ հասկանում որ դահիճն է ծնողական սեր անվանել եսամոլությունը և որ դաժան օրենքն է սրբագործել այդ բռնությունը։
ՆԱՐԳԻԶ. Աստծու և մարդկանց օրենքները։