ՀՈՌՈՄ. Անե՜ծք նրան, անե՜ծք նրան, ո՜վ աստված։
ԳԱՐԵԳԻՆ. Եվ դու ոչինչ բացատրություն չպահանջեցի՞ր նրանից։
ՀԵՂԻՆԵ. Պահանջեցի, երկու ժամ սրանից առաջ։
ԳԱՐԵԳԻՆ. Ի՞նչ ասաց։
ՀԵՂԻՆԵ. Սկզբում մերժեց, ապա երբ չկարողացավ հերքել, սկսեց արդարացնել իրան... Բայց բավական է, այլևս ուժ չունեմ շարունակելու։ (Նորից հեկեկում է):
ՀՈՌՈՄ. Հեղինե՛, աղջի՛կս։ (Փաթաթվում են միմյանց պարանոցին):
ԳԱՐԵԳԻՆ․ (Մի փոքր լռելուց հետո) Նա տա՞նն է այժմ։
ՀԵՂԻՆԵ. Տանն է, ի՞նչ ես կամենում անել։
ԳԱՐԵԳԻՆ. Կամենում եմ նրա հետ խոսել երես առ երես։
ՀԵՂԻՆԵ. Այդ անկարելի է. դու չպիտի անես և իրավունք չունես անելու։ Դու միայն ինձ հետ կարող ես խոսել, տուր ինձ քո խորհուրդը, և ես կհետևեմ նրան։
ԳԱՐԵԳԻՆ. Այս խնդիրը ծանրակշիռ է, վրդովվելով և տաքանալով չի կարելի լուծել։ Պետք է գործել մտածելով։ (Լռում է, հետո). Հեղինե՛, դու դեռ սիրո՞ւմ ես նրան։
ՀԵՂԻՆԵ. Ինչո՞ւ համար ես այդ հարցը տալիս։
ԳԱՐԵԳԻՆ. Որպեսզի կարողանամ իմ կարծիքը հայտնել։
ՀԵՂԻՆԵ. Չգիտեմ, և ինչպես կարող եմ այժմ պատասխանատու չինել իմ զգացմանց մասին։ Գիտեմ միայն, որ մինչև երեկվա դեպքը իմ վշտերի գլխավոր պատճառը միմիայն սիրո խանդն է եղել։
ԳԱՐԵԳԻՆ. Իսկ ա՞յժմ։
ՀԵՂԻՆԵ․ Այժմ տեսա իմ խաբված և անարգված լինելը։ Այժմ ինձ տանջում է պատվասիրության զգացումը։ Եթե միայն նա չսիրեր ինձ, այն ժամանակ ես կարող էի կրել իմ վիշտը, բայց նա ինձ ստորացնում է... ահա իմ կսկիծը...
ԳԱՐԵԳԻՆ. Ես հասկանում եմ. կկամենայի՞ր ուրեմն պաշտպանել քո պատիվը։
ՀԵՂԻՆԵ. Ո՞ւմ դեմ։
ԳԱՐԵԳԻՆ. Քո ամուսնու, որ ոտնատակ է անում նրան։
ՀԵՂԻՆԵ. Կկամենայի, բայց ինչպե՞ս։