ՆԱՐԳԻԶ․ (Դառնագին): Խնայիր ինձ, մարդ, խնայիր, մի՛ քրքրիր իմ սրտի խոցը։
ԱԹԱՆԵՍ. Ցամաքեց, չորացավ ինձ համար երկնքի ողորմությունը։ (Լռություն: Տոնը փոխելով): Ե՞րբ են տանում անբախտին։ (Նստում է):
ՆԱՐԳԻԶ․ Այսօր, մի երկու ժամից հետո։
ԱԹԱՆԱՍ. Փող պետք է տալ Սամվելին. առանց փողի չեն բժշկի նրան։ Բայց փող չկա, չկա․ բոլորը խլեցին ձեռքիցս։
ՆԱՐԳԻԶ․ Լավ, մի՛ մտածիր, ես փող գտա նրա համար։
ԱԹԱՆԵՍ․ Գտա՞ր, այո՞, ինչպե՞ս, ո՞վ տվեց։ (Նայում է շուրթը): Նարգիզ, ո՞ւր է Օվսաննայի դաշնամուրը։ (Վեր է կենում): Աա՞, ո՞ւր Է։
ՆԱՐԳԻԶ․ (Ընկճված): Ծախեցի քրոջդ աղջկան։
ԱԹԱՆԵՍ․ Գորգե՞րը, պապիցս մնացած գորգե՞րը։
ՆԱՐԳԻԶ․ Ուղարկեցի քրոջդ տուն պահելու։ (Խորհրդավոր): Ո՞վ գիտե։
ԱԹԱՆԵՍ․ (Կատաղելով): Ինչպե՞ս համարձակվեցիր։ Ոչ մի բան չպիտի թաքցնել պարտատերերից, ոչ մի բան, մի ասեղ անգամ։ Թող գան, վերգրեն, ծախեն աճուրդով, ավերակ դարձնեն տունս, միայն թե չասեն, որ ես գող եմ։ Ե՛տ բերել տուր այդ գորգերը, լսո՞ւմ ես, ետ բերել տուր։
ՆԱՐԳԻԶ․ Լավ, հանգստացիր։
ԱԹԱՆԵՍ. (Ընկճվելով): Ի՜նչ օրի հասանք։ (Լալիս է)։
ՆԱՐԳԻԶ․ Հերիք է, հերիք է, հերիք է․․․
ԱԹԱՆԵՍ. (Զսպելով արցունքը): Չէ, չէ, լաց լինելն ամոթ է, կնիկություն, թշնամիներս ավելի կուրախանան։ (Տոնը փոխում է): Գիշերվա ո՞ր Ժամանակն է։
Բեմի ետևում եկեղեցական զանգի երեք ծանր հարված:
ՆԱՐԳԻԶ․ Ահա երրորդությունը տվեցին։ Գնա, պառկիր։
ԱԹԱՆԱՍ․ (Երեսը խաչակնքում է): Աղոթք անելն էլ մոռացա։
Ահ, գլուխս տրաքվում է։
ՆԱՐԳԻԶ․ Գնա, ասում եմ, գնա, բայղուշ, հերիք է։