Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմա բոլորովին երես է դարձրել մեզանից։ (Սկսում է Սամվելին օգնել՝ իրերը տեղավորելու):


ՍԱՄՎԵԼ. Դու գիտես, որ Արամազդը հարգելի պատճառ ունի մեր տունը ոտ չդնելու։

ՆԱՐԳԻԶ․ Ո՞վ է մեղավոր։ Թող իր չափն իմանար։

ՍԱՄՎԵԼ. Եթե Օվսաննան կարողանար մարդ ճանաչել, Արամազդի առաջարկությունը կընդուներ ուրախությամբ։

ՆԱՐԳԻԶ․ Իհարկե, հիմա ամենքն էլ այդպես կասեն։ Պրիկաշչիկն հարստացել է ու մարդկանց շարքն ընկել։

ՆՈՒՆՈՒՖԱՐ․ (Խորքի դռներով բերում է ճերմակեղենի մի ուրիշ կապոց և դնում է նույն աթոռի վրա ու սպասում հրամանների):

ՍԱՄՎԵԼ. Զարմանալի գաղափար ունիք մարդու մասին։ Ձեր կարծիքով հարստանալ — կնշանակե մարդկանց շարքն ընկնել։ Արամազդը միշտ մարդ է եղել և ազնիվ մարդ: (Նունուֆարին): Գնա այժմ հագուստ բեր։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է խորքի դռներով):

ՆԱՐԳԻԶ․ Այդ ո՞ր ժամանակից դու նրան հավանեցիր։

ՍԱՄՎԵԼ. Հենց այն օրից, երբ նա եկել է մեզ մոտ ծառայելու։ Երեկ քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի Օվսաննայի պատճառով։

ՆԱՐԳԻԶ․ Ինչո՞ւ։

ՍԱՄՎԵԼ. Արամազդն երկու անգամ գրում է նրան, թե պատրաստ է հայրիկին օգնել և խնդրում է համոզել ծերունուն, որ իր օգնությունն ընդունի։ Օվսաննան նրա նամակները ետ է ուղարկում առանց բաց անելու։ Եվ ետ տանողն էլ հիմարաբար ես եմ լինում։

ՆԱՐԳԻԶ․ (Դադարելով Սամվելին օգնելու, զարմացած նայում է նրան): Արամազդն ուզում է օգնե՞լ հորդ։

ՍԱՄՎԵԼ. Այո, մայրիկ, և կարող է օգնել։ Այժմ նա ահագին վարկ ունի մեր քաղաքում։ Ես կարծում էի, որ Օվսաննան չէր վերադարձնիլ այդ նամակները, եթե գիտենար նրանց բովանդակությունը։ Բայց երեկ երեկո ես նրան հայտնեցի, որ նա այժմ էլ պնդում է, թե Արամազդի անունն անգամ լսել չի կամենում։ Կարելի՞ է միթե այդքան գոռոզ լինել։