Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օձիքով շապիկ, և փողկապ, լայն, հնաձև պիջակ, երկայն ժիլետ, լայն պանթալոն: Կարդալ-գրելիս դնում է պենսնե, որ միշտ կախված է վզովը: Վարագույրը բարձրանալիս նստած է գրասեղանի քով, գրում է, ստեպ-ստեպ բաց թողնելով գլխից վեր ծխախոտի ծուխը):


ԿԱՏԱՐԻՆԵ. (Նիհար, գեղեցիկ, բայց ոչ մեղմ դեմքով կին է, հարուստ և քիչ ալեխառը մազերով: Հագնում է սովորաբար սև հագուստ՝ հասարակ, բայց ոչ անճաշակ: Վարագույրը բարձրանալիս ճաշի սեղանի քով լվանում է թեյի բաժակներն ու մաքրում): Նազանի՜, Նազանի՜։

ՆԱԶԱՆԻ-. (Գալիս է խորքի դռներից ավելը ձեռին, թևերը ծալած): Հրամանքս, խանըմ ջան։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Սամովարը տար, նորից եռացրու ու բեր։ Արտաշեսը զարթնել է ու հագնվում է։

ՆԱԶԱՆԻ-․ էս սհաթիս։ (Ավելը հենում է պատին, սամովարը տանում է խորքի դռներով):

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Ավելորդ բաժակները տեղավորում է պահարանում, սեղանի վրա թողնելով մի մաքուր բաժակ, հաց, պանիր, կարագ և մեղր: Հետո կանգ է առնում և հանդիմանական հայացքով նայում Սենեքերիմին):

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Շարունակ գրելով): Զգում եմ հայացքդ, զգում եմ։ Այն վզիս վրա ազդում է ինչպես անձրևի սառը կաթիլներ, ո՜վ հավիտենական վերահսկիչ իմ կյանքի։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Պետք է բազար գնալ։

ՍԵՆԵՐԵՐԻՄ-. (Գրիչը դնում է սեղանի վրա): Ըհը, վերջացրի, անզուգական կողակիցդ իմ, այժմ կարող եմ ծառայել քո տնտեսական հրամաններին։ (Վեր է կենում):

ԿԱՏԱՐԻՆԵ-. Երանի գիտենամ, էլի ում դեմ ես գրոտում տաքացած։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Ինչպես միշտ, իմ ազգի թշնամիների դեմ։ Առաջ մեզ մեղադրում էին, թե վաշխառուներ և հարստահարիչներ ենք հրեաների պես։ Այժմ նոր ագռավներ են եկել և նոր տեսակի ղռղռոցներ սկսել։ Այժմ ասում են, թե հայ հասարակությանն ընդունակ չէ բարձր իդեալներով ոգևորվելու։ Ահա այս անգամ այս տեսակ հայատյացների հերն եմ ուզում անիծել։