Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաց։ Իսկ առայժմ մի՛ աշխատիր ազդել իմ սրտի վրա։ Այնտեղ կան զգացումներ, որոնց դու չես կարող փոխել։

ԿԱՏԱՐԻնԵ. Այդ զգացումներն ավելի թանկ են քան քո մա՞յրը։
ԱՆԱՀԻՏ․ (Տեսնելով, որ մոր հարցերը ճնշում են Արտաշեսին)։
Մայրիկ, ինչո՞ւ համար ես այդքան զորում։ Տեսնում ես, որ չի ուզում ասել։
ԿԱՏԱՐԻՆԵ․ (Բարկացած): Մի՛ խառնվիր, քո բանը չէ։ (Արտաշեսին): Ասա՛, ավելի թանկ են քան քո մա՞յրը։ Ասա՛, ես մայր եմ, հասկանու՞մ ես, մայր։
ԱՐՏԱՇԵՍ. (Դառնացած և գրգռված): Իսկ ուրիշները մա՞յր չեն, իսկ իմ ընկերները քարի՞ց են ծնվել։ Մայրեր կան, որոնց թշվառությունը դու երևակայել չես կարող։ Մայրեր կան, որոնց առջև դու ունիս մի խոշոր պարտականություն։ Ահա այդ պարտականությունն է, որ ես հանձն եմ առել կատարել... և պիտի գնամ կատարելու։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Դուրս է գալիս խորքի դռներից, աննկատելի կանգնում է շեմքի վրա և սկսում է ականջ դնել)։
ԿԱՏԱՐԻՆԵ․ Ի՞նչ ես ուզում ասել, որդի․ քանի գնում, այնքան անհասկանալի ես դառնում։
ԱՐՏԱՇԵՍ. Բայց ի՞նչ կարող եմ ձեզ հասկացնել, քանի որ ձեր աչքերը չեն տեսնում, թե ինչ է կատարվում ձեր շուրջը։ Ի՞նչ կարող եմ բացատրել, երբ ձեր համար միայն նա է թանկ, որ մերձ է ձեր եսին, երբ ձեր սրտերը չեն կարողանում ամփոփել իրանց մեջ ավելի բարձր զգացում, քան մայրական սերը։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ուրախանալով, մեկուսի): Ասա՛, որդի, ասա՛։
ԱՐՏԱՇԵՍ․ (Ավելի ու ավելի ոգևորվելով): Կույրեր եք դուք, որ մայրական սեր եք տեսնում այնտեղ, ուր եսամոլությունն է տիրում յուր ամբողջ ուժով։ Ձեր հասկացած մայրական սերը մի ախտ է, որ միշտ մաքառել է բարձրագույն սիրո դեմ և ջլատել է շատ ուժեղ հոգիներ։ Ոչ, հեռու պիտի փախչել նրանից, որպեսզի ավելի եռանդով և ավելի արթուն մտքով ծառայես իսկական սիրույն։ Ես կստորանամ իմ աչքում, եթե հանուն որդիական սիրո