Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենեքերիմ, թույլ տվեք ձեզ էլ շնորհավորել։ (Մոտենում է և աշխուժով սեղմում Սենեքերիմի ձեռքը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դեռ չի նստել գրասեղանի քով): Շնորհակալ եմ, Ֆլորա, շնորհակալ եմ։ Դու իրավունք ունիս ինձ շնորհավորելու։
ՖԼՈՐԱ․ Ես էլ նոր լուր եմ բերել քեզ համար, Անահիտ։ Գիտեմ, որ քեզ կուրախացնի։ Հայրս այսօր ձեր ուսումնարանին նվիրեց հազար ռուբլի։
ԱՆԱՀԻՏ․ Այդ իսկ որ շատ ուրախալի լուր է։ Մեր ուսումնարանը մեծ կարիք ունե։ Շնորհակալություն խեղճ աշակերտուհիների կողմից։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Նստելով սեղանի քով): Ալեքսանդրը մեր օրինակելի բարեգործներից մեկն է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նա իմ բարեկամն է։
ՖԼՈՐԱ․ Բայց ես քեզ վրա բարկացած եմ, Անահիտ։ Դու Ժողովարարություն ես անում Հայաստան վերադարձող գաղթականների համար և համարձակվում ես ինձ մոռանա՞լ։ Ամո՜թ քեզ։
ԱՆԱՀԻՏ. Ես քեզ այնքան եմ ձանձրացրել իմ դիմումներով որ այլևս ամաչում եմ։
ՖԼՈՐԱ․ Օհո՜, «ձանձրացրել եմ», կարծես, քեզ համար ես դիմում։ (Բաց է անում բազկից քաշ արած քսակը և այնտեղից փող դուրս բերելով, տալիս է): Ահա՛, ես հայրիկիցս վերցրի իմ բաժինը։
ԱՆԱՀԻՏ. (Համրելով փողը): Երկու հարյուր ռուբլի։ Կտամ մեր
գանձապահին, նա քեզ անդորրագիր կուղարկի։ (Դնում է պահարանի մեջ):
ՖԼՈՐԱ․ Այժմ դիմենք գործի։ (Մի ձեռով գրկելով Անահիտին սկսում է նրա հետ անցուդարձ անել): Այդպես, ուրեմն եղբայրդ եկել է։ Երևակայում եմ, որքան փոխվել է։ Բայց ո՞ւր է։
ԱՆԱՀԻՏ․ Զբաղված է, շուտով, երևի, դուրս կգա։
ՖԼՈՐԱ․ Զբաղված է, օօ՜, իհարկե, չէ՞ որ այժմ բժիշկ է, դոկտոր։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ Անահիտ, էլի ո՞վ է ձեռք տվել գրասեղանիս։
ԱՆԱՀԻՏ․ Ոչ ոք, հայրիկ։