Թույլ կտա՞ք, օրիորդ, ձեզ հետ մոտիկ ծանոթանալու։
ՖԼՈՐԱ-. Ուրախ կլինեմ։ Խնդրեմ մի օր շնորհ բերեք մեր տուն։
ԵՐԱՆՈՒՀԻ | Անցնում են սեղանատուն: | |
ԱՆԱՀԻՏ | ||
ՖԼՈՐԱ |
ՆԱԶԱՆԻ-. (Երևում է խորքի դռների մեջ մի ձեռին դանակ, մյուս ձեռում մի բադրջան, թևերը ծալած): Խանըմ, մին էստեղ եկ։
ԿԱՏԱՐԻՆԵ-. (Շտապով դնում է. Նազանուն նշաններով հանդիմանում է և նրա հետ հեռանում խորքի դռներով):
ՀՐԱՆՏ-. Հետաքրքրական է իմանալ այդ ի՞նչ պատկերներ են զարդարում այս պատերը։ (Վեր է կենում և ձեռները պանթալոնի գրպանները դնելով, մտիկ է անում պատկերներին):
ՏԻԳՐԱՆ-. (Որ շարունակ առանձին խոսակցում է Արտաշեսի հետ): Այդ բոլորն ապացուցանում է, որ դու պետք է զգույշ լինես։ Վասոյին արդեն բռնել են։
ԱՐՏԱՇԵՍ-. (Ցածր): ճշմարի՞տ։ Ե՞րբ։
ՏԻԳՐԱՆ-. Այո։ Երեկ երեկո։ (Շարունակում է շշնջյունով):
ԿԱՏԱՐԻՆԵ-. (Ետ է գալիս խորքի դռներով): Անահիտ, կամաց-կամաց սեղանը պատրաստենք։
ԱՆԱՀԻՏ-. Այո, մայրիկ։ (Ֆլորային և Նոյեմզարին): Ինձ ներեցեք։ (Սկսում է մորն օգնել, պահարանից ճաշի սեղանի վրա տեղափոխելով ամաններ, դանակ, պատառաքաղ և այլն):
ՀՐԱՆՏ-. Այո, այո, բոլորը միմյանց համապատասխանում են։
ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Ֆլորային մոտենալով: Հրանտին): Դուք, անկասկած ամենքին ճանաչում եք։
ՆՈՅԵՄԶԱՐ-. (Մոտենում է Արտաշեսին և Տիգրանին):
ՀՐԱՆՏ-. (Հեգնաբար): Ո՞վ չի ճանաչում հայ ազգի, այսպես կոչված, սյուներին։ Եթե Արտաշեսն երեկ միայն մտած չլիներ այս տաճարը, կարելի էր կարծել, որ նա էլ կռապաշտ է։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ֆլորա, նա ի՞նչ է ասում։ (Նայում է հեռվից Հրանտին ոտից գլուխ)